Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հանգեցրել է ռուսական ազդեցության ուժեղացմանը․ Ալեքսանդր Վերշբոու
«Ելնելով Ջո Բայդենի փորձից՝ ես հավատում եմ, որ նա կհասկանա Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ավելի մեծ ներգրավվածության ռազմավարական նշանակությունը»,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ՝ Ալեքսանդր Վերշբոուն:
Ինչպես նա նշել է, Լեռնային Ղարաբաղում զարգացումների լույսի ներքո, ինքը սատարում է Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացմանը:
Ըստ նրա, Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության արդյունքում Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում մեծացել է:
«Ես սատարում եմ Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժերի պահպանմանը կամ ուժեղացմանը: Որքան ես գիտեմ, ռազմածովային պարեկների թիվն ավելացել է, և դա շատ լավ է, սակայն սա միայն անհրաժեշտ քայլերից մեկն է: Ակնհայտ է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հանգեցրել է ռուսական ազդեցության ուժեղացմանը: Հայաստանը գնալով կախվածության մեջ է ընկնում ռուսական օգնությունից և պաշտպանությունից: Միաժամանակ Ռուսաստանին հաջողվեց սահմանափակել Թուրքիայի ազդեցությունը:
Ռուսաստանը չի արգելափակել Թուրքիային, սակայն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու հարցում, բացառել է Թուրքիային ավելի մեծ դեր շնորհելը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը դիվանագիտական գործընթացներից բացառել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային և ընդհանրապես Եվրոպային: Այս կերպ Ռուսաստանն ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում»,- հայտարարել է Վերշբոուն:
Նրա խոսքով, ԱՄՆ-ի դիվանագիտության պասիվությունը Ռուսաստանին օգնել է հասնել իր արդյունքին:
«Այժմ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը փոխվում է, և հուսով եմ, որ Միացյալ Նահանգները կակտիվանա, քանի որ կարծում եմ՝ ամերիկյան դիվանագիտության պասիվությունն է, որ օգնեց Ռուսաստանին հասնել իր արդյունքին: Ինչ վերաբերում է Թուրքիային, միգուցե դժվար է խոսել Թուրքիայի հետ որոշ հարցերի շուրջ, սակայն անհրաժեշտ է ինչ-որ փոխզիջում, որը հետ կբերի Թուրքիային ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմը և նա ավելի քիչ կլինի Ռուսաստանի կողմում, կամ էլ ավելի քիչ կփորձի ինքնուրույն խաղալ:
Ընդհանրապես, Հարավային Կովկասի տարածաշրջանն ավելի մեծ ուշադրության կարիք ունի: Ելնելով Ջո Բայդենի փորձից, ես հավատում եմ, որ նա կհասկանա Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ավելի մեծ ներգրավվածության ռազմավարական նշանակությունը: Ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմական և քաղաքական ներգրավվածության կարևորությունը», – ասել է Վերշբոուն Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում: