Գևորգ Դանիելյան. Սերունդները կհասկանան՝ ունեցել ենք գուցե անտեղի համեստ, ցուցամոլություն չհանդուրժող, «սևացված» հրաշալի գործիչներ
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«Մի քանի ամիս էր անցել, ինչ «Ղարաբաղ» կոմիետի անդամները կալանավորվել և էտապավորվել էին Մոսկվա։ Ազգամիջյան բախումների առնչությամբ հարուցված քրեական գործով քննության նկատմամբ հսկողության պատասխանատուն՝ գեներալ Տիտովը, Երևանում էր, որի հետ հանդիպում էին խնդրել կոմիտեի կալանավորված անդամների կանայք։
Հանդիպումը կազմակերպեցի, որին, ի պաշտոնե (ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետն էի), ինքս էլ էի մասնակցում։ Արդեն առաջին րոպեներից գեներալի համար պարզ դարձավ, որ «փափուկ բարձի» ստանդարտ մեթոդները ոչ միայն պիտանի չեն, այլև՝ խիստ խոցելի։ Մինչ այդ, երբևէ քաղաքական կյանքում իրենց անհարկի չցուցադրած կանայք դրսևորեցին խորաթափանցության, քաղաքակրթության, զսպվածության և գեներալի պատասխանները՝ տրամաբանական ու հիմնավորված փաստարկներով հենց տեղում չեզոքացնելու անասելի բարձր որակներ։
Երբ կանանց ուղեկցելուց հետո վերադարձա, գեներալը շփոթված միայն արտաբերեց. «Կարծում եմ, ինձ պետք է զգուշացնեիր, թե ինչ մարդկանց հետ պետք է գործ ունենամ»։ Կարող էի և զգուշացնել, բայց հազիվ թե դրանից բան փոխվեր։
Ամեն ինչ իդեալական չի եղել, իդեալական մարդիկ էլ գրեթե չեն եղել, սակայն կգա մի օր, և կգրվի իսկական, ոչ օտարի «չափանիշներով» պատվիրված պատմություն։ Այնժամ գոնե սերունդները կհասկանան, որ ունեցել ենք մեծ, բայց գուցե անտեղի համեստ, ցուցամոլություն չհանդուրժող, ըստ այդմ էլ՝ պարզունակ հնարքներով հանիրավի «սևացված» հրաշալի գործիչներ ...»։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Ապագա իշխանությանն առաջարկում եմ առնվազն երկու լուծում
- Գևորգ Դանիելյան. Խաղաղ, անզեն բնակչությունը դարձել է ադրբեջանցիների խրախճանքի «հումք»
- Ռազմական դրության պայմաններում հրատապ է համարվել գործադիր իշխանության կողմից ԲՈՒՀ-երի ռեկտորների նշանակումը. Գևորգ Դանիելյան
- Գևորգ Դանիելյան. Հայտարարությամբ չնախատեսված տարածքների առնչությամբ հարկ է անհապաղ արձագանքել
- Գևորգ Դանիելյան. Գերիների հետ կապված առաքելությունը լավագույնս կարող է կյանքի կոչել Լարիսա Ալավերդյանը