Բարեկիրթ լինելու ժամանակը չէ, երկրի հերն անիծել է էդ տղան. Շուշան Պետրոսյան
«Նիկոլ Փաշինյանը եռօրյա սուգ հայտարարեց, և բոլորս էլ կմասնակցենք երթին, քանի որ դա բոլորիս ցավն է»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը։
Սակայն, նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը մանիպուլյատիվ հնարքներից օգտվելով, կասի, որ երթի բոլոր մասնակիցներն իր համակիրներն են։
Դիմելով Վազգեն Մանուկյանին՝ Շուշան Պետրոսյանը հարցրեց՝ ի՞նչ ելք կա, որ բոլորի աչքերը բացվեն.
«Ուղղակի անհնար է, որ նույնիսկ այս ողբերգության վրա են խաղեր խաղում։ Եվ ուզում եմ հավելել, որ բարեկիրթ լինելու ժամանակը չէ, արդեն Սյունիքի անվտանգության հարցը կա. երկրի հերն անիծել է էդ տղան։ Ես 1988-ի սերունդ եմ, և այդ շարժման ժամանակ փետրվարին ձյունը մեզ չէր խանգարում, ուզում եմ հասկանալ՝ այս բարեկիրթ հավաքներն ինչքա՞ն են տևելու»։
Պատասխանելով Վազգեն Մանուկյանը նշեց՝ համաձայն է, որ այն ամենը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, դրա մեջ չկա սիրտ, զգացում և նման որևէ բան, կա միայն մաիպուլյացիա։
«Նա դա լավ է անում, երևի սովորեցրել են։ Լավ կլիներ, որ մենք նրան օգտագործենք օտար երկրում խնդիրներ լուծելու համար։ Նա լավ մանիպուլյատոր է։ Պատահական չէ, որ եռօրյա սուգը համընկնում է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի օրերի հետ։ Բայց ես ինչ զգացում էլ ունենամ, Նիկոլի հետ նույն շարասյունով չեմ շարժվի, և ինքս առանձին կգնամ, բայց ինձ թույլ չեմ տա իր հետ քայլել։ Ամեն մարդ իր համար պետք է որոշի»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Սյունիքի դեպքերին, ապա Վազգեն Մանուկյանը նշեց, որ ինքը ժողովրդին ինքնակազմակերպվելու կոչ է անում, քանի որ եթե բանակը չի կարողանում պաշտպանել ժողովրդին, ապա վերջինս պետք է ինքնապաշտպանվի։
«Բանակը Նիկոլի ասածն է անում, և այդ բոլորին պետք է միասին հանենք։ Իսկ այս դեպքում ցույցերի այլընտրանքը ես չեմ տեսնում։ Բայց նաև բոլոր կառույցները տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ չունեն գնալու, և երբ արդեն մեծ հատվածն անցնի շարժման կողմը, Նիկոլ Փաշինյանը դատապարտված է։ Իսկ գնալ ու ինչ-որ շենք գրավելը, կարծում եմ, հարց չի լուծում»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
Արձագանքելով՝ Շուշան Պետրոսյանը նշեց, որ իր համար հասկանալի չէ՝ ինչպես Հադրութի երկու գյուղ կորցնելուց հետո ոչ ոք փողոց դուրս չեկավ, ապա նշեց՝ որևէ բանական մարդ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթին չի մասնակցի. «Պարո՛ն Մանուկյան, կազմակերպեք երթ, որպեսզի բոլորով գնանք Եռաբլուր»։
Ի պատասխան՝ Վազգեն Մանուկյանն ասաց՝ սրտիցս եք խոսում։
«Բայց քաղաքական պրագմատիզմը և ցանկությունը, որ Հայաստանն ունենա լեգիտիմ իշխանություն, երբեմն գերակշռում են զգացմունքներին, որ մեր մեջ բոցկլտում են։ Բայց մի օր կարող է այդ բոցկլտմանը չդիմանաք»,- նշեց Վազգեն Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունների ուղեղները թլպատվել են դոլարով, նրանք ունակ չեն որևէ խնդիր լուծելու. ԵՊՀ դոցենտ
- Նիկոլ Փաշինյանը մեր հետ շատ անկեղծ է եղել, ինքը եկել էր քանդելու խոստումով. Լիլիթ Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան