Տիխանովսկայա. Եվրոպան ոչինչ չի կարող անել Բելառուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Եվրոպական երկրները միայն անհանգստություն են հայտնում, բայց ոչինչ չեն կարող անել Բելառուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս կարծիքը հայտնել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան` կիրակի օրը հրապարակված ամերիկյան The New Yorker ամսագրին տված հարցազրույցում: Այս մասին գրում է Tass-ը։
«Երբ ես սովորական մարդ էի, մտածում էի, որ Եվրոպան այնքան մոտ և մեծ է, և նրա ղեկավարներն այնքան ուժեղ են, որ հաստատ ինչ-որ բան կանեն: Նրանք չեն կարող ձեռքերը ծալած նստել: Հիմա ես տեսնում եմ, որ չնայած իրենք իրենց մտահոգությունն էին հայտնում, իրենց համերաշխությունը, փաստորեն, նրանք ոչինչ չեն կարող անել։ Մենք մի քանի ամիս աշխատում ենք տնտեսական պատժամիջոցների ներդրման ուղղությամբ, և այս ամենն այնքան դանդաղ և դժվար է»,- ասել է Տիխանովսկայան:
Նրա խոսքով ՝ «եվրոպական առաջնորդները գործում են զգուշորեն՝ միշտ հետ նայելով Ռուսաստանին»:
«Ես մեծացել եմ մի ընտանիքում, որը մեզ սովորեցրել է միշտ երախտապարտ լինել: Այնպես որ, սա կարող է լինել իմ սխալը: Աստիճանաբար ես հասկացա, որ չպետք է երախտապարտ լինեմ մտահոգության պարզ հայտարարությունների համար, որ մենք պետք է պահանջենք կոնկրետ գործողություններ: Ես սովորում եմ շատ դանդաղ», - ասել է Տիխանովսկայան: