Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները հրադադարի մասին եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են. ԱՀ ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
«2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում Պաշտպանության բանակի վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի ծանրության հրազենային վիրավորումներ: Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները շարունակվել են նաև դեկտեմբերի 13-ին Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերի ուղղությամբ:
Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերն անմիջապես տեղեկացվել են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստերի մասին: Ռուսական խաղաղապահների միջամտության արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել են, տեղակայվել են նաև խաղաղապահ ուժերի լրացուցիչ դիտակետեր՝ իրավիճակը շուրջօրյա դիտարկելու և հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու նպատակով:
Դեկտեմբերի 11-13-ը ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են: Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների չկատարումը, ծայրաստիճան արհամարհական վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համաձայնեցված ձևաչափի նկատմամբ, Բաքվի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքական գործընթացի վերսկսման արհեստական ձգձգումը և ռազմական ուժի վրա հաշվարկը շարունակում են մնալ տարածաշրջանում սպառնալիքների հիմնական աղբյուրը և տևական ու ամուր խաղաղություն հաստատման համար խոչընդոտը:
Ադրբեջանի գործողությունները, որոնք ակնհայտորեն Բաքվի զավթողական քաղաքականության շարունակությունն են և փորձ՝ ընդլայնելու Արցախում օկուպացիայի գոտին, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, Արցախի զգալի մասի բռնազավթումն ու էթնիկ զտումները պետք է խստագույնս դատապարտվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, ընդհանրապես՝ միջազգային հանրության կողմից:
Արցախի Հանրապետությունը, իր կողմից, կշարունակի հետևողական ջանքեր գործադրել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև հանրապետության տարածքի դեօկուպացիային և նրա բնակչության՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադարձին հասնելու նպատակով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան