Հարգելի դատախազներ, ձեռնպահ մնացեք դավաճանների կողմից տրվելիք ապօրինի հրամաններ կատարելուց. Գևորգ Կոստանյան
Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Կոստանյանը երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ իր կոչն է հղել դատախազներին։
Կոչում, որը թողարկվել է News.am-ում, նա մասնավորապես, նշել է.
«Հարգելի դատախազներ,
Ես միշտ ձեզ կոչ եմ արել զերծ մնալ քաղաքական գործընթացներին որևէ կերպ միջամտելուց կամ մասնակցություն ունենալուց: Հիմա, առավելևս, չեմ կարող կոչ անել մասնակցելու քաղաքական գործընթացներին:
Վստահ եմ, դուք, ինչպես ես, և յուրաքանչյուր գիտակից հայ, շատ լավ գիտակցում ենք, որ այս պահին իրականացվող գործընթացները քաղաքական չեն, դրանք բացառապես Հայստանի Հանրապետության գոյության և պետականության պաշտպանությանը ուղղված միջոցներ են:
Ձեզանից շատերին եմ լավ ճանաչում, գիտեմ որ դուք պատվախնդիր, հայրենասեր և պրոֆեսիոնալ մասնագետներ եք ու հենց այդ պատճառով կոչ եմ անում կանգնել ՊԵՏՈՒԹՅԱՆ կողքին, ոչ թե՝ պետական դավաճանություն կատարած կամակերպված հանցավոր խմբի /իշխանության/: Իսկ որ պետություն, պետականություն և այսօրվա իշխանություն հասկացությունները ոչ միայն նույնական չեն, այլև՝ ուղղակի միմյանց բացառող, կարծում եմ, բոլորդ եք համոզվել:
Ավելին, ես տեղյակ եմ, որ ձեզանից շատերը համոզվել են, և որպես իրավաբաններ արդեն վերլուծել են, որ Հայաստանի Հանրաապետությունում տեղի է ունեցել ՀՀ քր.օր-ի 299-րդ հոդվածով սահմանված պետական դավաճանություն: Հետևաբար, այս իշխանություններին որևէ կերպ օժանդակելը ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ՝ պետության դավաճանությունը պարտակել:
Հետևաբար, դուք ծառայում եք պետությանը և ոչ թե իշխանություններին, և թույլ մի տվեք, որ Ձեր մարդկային և մասնագիտական բարձր կարողությունները, պետական դավաճանների կողմից օգտագործվեն ի վնաս մեր պետության և ժողովրդի: Վստահ եմ, գիտակցում եք, որ «ես հանձնարարություն էի կատարում» կամ «իմ գործն էի կտարում» արդարացումը չի աշխատելու: Ապօրինի հրաման կատարելը հանցագործություն է:
Հարգելի դատախազներ, ձեռնպահ մնացեք դավաճանների կողմից տրված և տրվելիք ապօրինի հրամաններ և հանձնարարականներ կատարելուց: Իսկ պետական դավաճանությունը չպարտակելու համար, ժամանակավորապես դադարեցրեք Ձեր պաշտոնավարումը: Ժամանակավոր, քանի որ Դուք դեռ շատ անելիք ունեք մեր Հայրենիքի համար՝ պետական դավաճանություն կատարած իշխանությունների հեռանալուց հետո: Իսկ նրանք, վստա՛հ եղեք, հեռանալու են: Այս մի քանի օրվա գործողություններով մի վտանգեք Ձեր և Ձեր երեխաների, մեր Հայրենիքի ապագան և՛որպես մարդ, և՛որպես դատախազ»։