Փաշինյանը չունի բավարար չափով տղամարդկություն, որպեսզի գեթ մեկ անգամ արձագանքի Ալիևին. Տոնոյան
«Իր յուրաքանչյուր լայվի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է ամեն հարցի՝ օծանելիք, ժամացույց, վարորդական իրավունք, բայց չունի բավարար չափով համարձակություն և տղամարդկություն, որպեսզի գեթ մեկ անգամ արձագանքի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Պատգամավորը նշեց՝ այսօր սարսափելի մեծ ցավ է ապրում, որ ՀՀ վարչապետը դարձել է միջազգային մամուլի ծաղրուծանակի առարկա։ Նրա խոսքով, ամեն օր նոր մուլտֆիլմ է ստեղծվում վարչապետի վերաբերյալ։
«Եվ անձը, որի արժանապատվությունը յուրաքանչյուր օր գետնին է հավասարեցվում միջազգային մամուլի էջերում և եթերներում, իրավունք չունի լինել ՀՀ-ի և Արցախի անվտանգության երաշխավորը»,- նշեց պատգամավորը։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ հրաժարականի համար պետք է ժողովրդի հավաստի կամարտահայտություն լինի, բացի այդ նա եռօրյա սուգ և երթ Է հայտարարել, Իվետա Տոնոյանն արձագանքեց՝ Նիկոլ Փաշինյանից այլ բան սպասելի չէր։
«Դուք տեսնում եք, որ այս հանրային պահանջը պարզապես ձեռնտու չէ նրան, և այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը համախմբված է։ Եվ այդ համախմբման թիվ մեկ հարցը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Եվ բնական է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է այս օրակարգը նսեմացնել, բայց այս գործընթացում անհաջողության է մատնվելու։
Ինչ վերաբերում է հայտարարված օրակարգին՝ սգո օրերի հետ կապված, ապա մենք ունենք մեր օրակարգը, և որևէ դեպքում նրա հայտարարած օրակարգի մասնակիցը չենք դառնալու։ Շատ լավ կլիներ, որ մեր իշխանությունները մեկ ամիս շարունակ իրենց պահվածքով հարգեին մեր զոհված զինծառայողների հիշատակը»,- եզրափակեց խոսքը Իվետա Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան