Իրանի պատգամավոր․ Իրանը պետք է աջակցեր Հայաստանին՝ Ադրբեջանի հետ վերջին պատերազմում
Իրանցիներն ու քաղաքական գործիչները շարունակում են քննադատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 10-ին Բաքվում իրրեդենտիստական սադրանքը։ Իրանի խորհրդարանի պատգամավոր Մահմուդ Ահմադի-Բիգաշը խորհրդարանում հայտարարել է, որ Թեհրանը պետք է աջակցեր Հայաստանին՝ Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Այս մասին գրում է Iran International-ը։
Մահմուդ Ահմադի-Բիգաշը, որը խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ է, օրենսդիր մարմնի կիրակիի նստաշրջանում հայտարարել է, որ «Իրանը պետք է մի կողմ դներ նրբությունները» և օգներ Հայաստանին՝ «պահպանել ուժերի հավասարակշռությունը» տարածաշրջանում:
Նշվում է, որ Իրանը չեզոք մնաց սեպտեմբերին բռնկված Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բախման ժամանակ, Թուրքիան օգնեց Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի։
Էրդողանը Բաքվում զորահանդեսի ժամանակ իր ելույթում մեջբերել էր ադրբեջանցի բանաստեղծ Բախթիյար Վահաբզադեի խոսքերը, որն ասել է․ «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին, ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել»։ Այս խոսքերը իրանցիները մեկնաբանեցին որպես թյուրքալեզու ադրբեջանցիների անջատողականությունը խրախուսող ակնարկ: Իրանի հյուսիս-արևմուտքում բնակչության մեծամասնությունը խոսում է նույն լեզվով, ինչ խոսում են Ադրբեջանում, չնայած Իրանում այն անվանում են ազարի: