Նիկոլ Փաշինյանը մեր հետ շատ անկեղծ է եղել, ինքը եկել էր քանդելու խոստումով. Լիլիթ Գալստյան
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է մտավորականների և մշակութային գործիչների հետ։
Հանդիպման մեկնարկին նախ ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն անդրադարձավ նոյեմբերի10-ին ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությանը, որն, իր խոսքով, փաթաթվել է հայ ժողովրդի վզին, ապա նշեց, թե ինչպես կարող է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երկիրը հանել այս աղետալի վիճակից։
«Այդ փաստաթուղթը պայմանավորված էր 2.5 տարի մեր երկրում եղած դիվանագիտական, քաղաքական և ռազմական ճակատներում եղած անհաջողություններով։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը մեր հետ շատ անկեղծ է եղել, ինքը եկել էր քանդելու խոստումով։ Հիշո՞ւմ եք՝ ասաց՝ ես ամեն ինչ սկսում եմ զրոյական կետից, և, ըստ էության, մենք այսօր ունենք հայրենազրկված մի վիճակ, խայտառակ պարտություն, ծալված մեջք, կոտրված ոտքեր և նվաստացած արժանապատվություն։ Բայց, ցավալի և ամենադառը իրողությունն այն է, որ մեր պարտությունների ողբերգական շարանը շարունակվում է»,- նշեց նա։
Ըստ Լիլիթ Գալստյանի, Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակարգի գոյության յուրաքանչյուր վայրկյանը նոր աղետ և նոր անդառնալի կորուստ է։
«Երբ ես ասում եմ անդառնալի կորուստ, իմ մեջ ունեմ լավատեսություն, որ մեր հավաքական ուժով մեզ, այնուամենայնիվ, կհաջողվի մեր հայրենիքի մնացորդը փրկել։ Բայց այդ անդառնալիության մեջ նաև հազարավոր զոհերն ու տասնյակ հազարավոր հաշմված մեր քաղաքացիներն են»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամը։
Նրա խոսքով, հայ ժողովուրդն այսօր կանգնած է հայրենիքի կորստյան եզրին, և այդ կորուստը կասեցնելու մարտահրավերը ամեն վայրկյան «Հայրենիքի փրկության շարժման» անդամների մտքում է։
«Եվ Վազգեն Մանուկյանն այսօր այտեղ է, որպեսզի ներկայացնի փրկության ճանապարհային քարտեզը»,- ներկայացրեց Լիլիթ Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բանակցությունների միջոցով համաձայնագրում այս կամ այն կետը կարելի է ուղղել մեր օգտին. Վազգեն Մանուկյան
- Իշխանության կասկածելի անտարբերությունը թույլ չի տալիս ՀՀ զինված ուժերին կատարել իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ. Վազգեն Մանուկյան