Ակցիա. Մարության, դուրս արի թաքստոցից ու տեսակետ հայտնի
ՀՅԴ քաղաքային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր նամակ հանձնեցին «Երևանի քաղաքապետի աթոռը զբաղեցրած անձին»։
«Այսօր ավելի քան արդիական է հասկանալ, թե ինչ է մտածում այդ մարդը, որը տասն ամսից ավելի է ընդհատակում է, իսկ քաղաքը մատնվել է անտերության»,-ասաց կոմիտեի ներկայացուցիչներից մեկը։
Նա ընթերցեց կոմիտեի պատրաստած նամակը՝ հիշեցնելով, որ Երևանում ապրում է պատերազմով անցած երկրի բնակչության 1/3-ը, մարդիկ կանգնած են սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների առաջ։ Նամակում հիշեցնում էին, որ քաղաքապետը անլուրջ է վերաբերել համավարակին, խուսափել է համավարակը կանխող քայլերի ձեռնարկումից, խուսափել է պատասխանատվությունից, մտել թաքստոց։
Բացի այդ, նամակի հեղինակները նշում են, որ չի բարելավվել տրանսպորտային համակարգը, ոչնչացվել է Երևանի դեմքը, թանկացել է գույքահարկը։
«Սակայն առավել մեծ խնդիր է պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից սկսած ձեր անտարբերությունն ու բացակայությունը»,-ասաց Կոմիտեի ներկայացուցիչը, հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքելիս այնքան է դանդաղել, որ սահման են հասել տխրահռչակ հայտարարության նախօրեին միայն, գումարներ են հավաքվել այդ խմբի կարիքների համար, սակայն մինչ օրս հաշվետվություն չկա, թե որտեղ են ծախսվել այդ գումարները, հատկապես նկատի ունենալով, որ այդ խումբը չի մասնակցել մարտական գործողություններին։
Նամակը կոմիտեի ներկայացուցիչներն ավարտում են Հայկ Մարությանի հրաժարականի պահանջով։
«Կամ միացեք ժողվրդի լայն զանգվածին ու պահանջեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլապես նրա հետ հավասար կրելու եք հայրենադավության խարանը, կամ էլ տվեք հրաժարական քաղաքապետի պաշտոնից, թող այդ պաշտոնը ստանձնի գիտելիքներ ու հանձնառություններ ունեցող մարդը»,-ասաց նամակ ընթերցող դաշնակցականը՝ ընդգծելով, որ մեկ մլն բնակչություն ունեցող քաղաքի ղեկավարը պետք է արտահայտի իր տեսակետը, դուրս գա իր թաքստոցից ու արձագանքի։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում