Էրդողանը ԵՄ-ին հորդորում է պատժամիջոցների փոխարեն Թուրքիային տալ լիարժեք անդամակցություն ԵՄ-ին
Թուրքիան Եվրամիությունից ակնկալում է ոչ թե պատժամիջոցներ, այլ այս միությանը լիիրավ անդամակցություն: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի պատժամիջոցները։ Այս մասին գրում է RBC-ն՝ հղում անելով Anadolu գործակալությունը:
«Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է ոչ թե պատժամիջոցներ, այլ կազմակերպությանը լիիրավ անդամակցության իր խոստումների կատարում», - ասել է Էրդողանը:
Նա նաև ավելացրել է, որ թուրքական կողմը աջակցություն է ակնկալում Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկեր ԱՄՆ-ից` «ահաբեկչական կազմակերպությունների և ուժերի դեմ պայքարում, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում»:
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ երկրի տնտեսությունը պատրաստ է ցանկացած դժվար փորձությունների, նոր հնարավորությունների ու տարբեր սցենարների:
Էրդողանի հայտարարությունից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին։
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչակազմի և նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ՝ ռուսական S-400 համակարգեր գնելու համար: Նոր սահմանափակումները ներառում են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության մարմնի (SSB) արտոնագրերի և արտահանման թույլտվությունների տրամադրման արգելքը, ինչպես նաև ԱՄՆ-ում Դեմիրի և վարչության այլ պաշտոնյաների ակտիվների սառեցումը:
Թուրքիան դատապարտեց պատժամիջոցները: Երկրի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցներն անօրինական գործողություն են:
«Մենք պատրաստ ենք դա կարգավորել երկխոսության և դիվանագիտության միջոցով», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի մեկ կազմակերպության և 4 պաշտոնյաների նկատմամբ
- Թուրքիայի ընդդիմությունը հորդորել է ակտիվացնել S-400 զենիթահրթիռային համակարգերը