Ցավոք, ես էլ եմ սպասում, որ արտագաղթը մեծ կլինի. Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է երիտասարդների հետ։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Ռաֆայել Վարդանյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս պետք է պայքարել տարբեր նեոլիբերալ ՀԿ-ների, օրինակ «Սորոսի» հիմնադրամի դեմ։
Պատասխանելով հարցին՝ Վազգեն Մանուկյանը նշեց, որ հայ ժողովրդին լիբերալիզմ էլ է պետք, գլոբալիզացիա էլ, բայց նեոլիբերալիզմն ու նեոգլոբալիզմը կործանարար են։
«Դրանց հիմքում դրված է, որ պետական սահմանը, պետությունն ու ազգերը խանգարող բան են, պետք է լինի մի միջազգային աշխատուժ։ Մենք հեռու ենք դրանից, հլը մի քիչ ազատություն ստանանք, հետո նոր խոսենք այդ ամենից»,- ասաց վաչապետի միասնական թեկնածուն։
Ռաֆայել Վարդանյանը ևս մեկ հարց հնչեցրեց. «Ո՞ւմ հետ ենք համագործակցելու, ո՞վ է դառնալու մեզ համար դաշնակից՝ գումարներ ներարկելու համար։ Ի՞նչ ճանապարհով և որքա՞ն ժամանակում կկարողանանք ոտքի կանգնել»։
Ի պատասխան, Վազգեն Մանուկյանն ասաց, որ օրինակ, Ճապոնիան բացարձակապես ոչ մի ռեսուրս չունի՝ ոչ հանք, ոչ նավթ, բայց կարողացել է իր տնտեսությունը կառուցել իր աշխատանքի ճիշտ կազմակերպման վրա։
«Կամ Սինգապուրը, որը ռազմական տեսանկյունից խոցելի վիճակում էր։ Նա ամենասկզբում սկսեց բանակ կառուցել, դիմեց Իսրայելին և վերջինս կառուցեց բանակ Սինգապուրի համար։ Այսինքն՝ պարտադիր չէ, որ լինեն նյութական ռեսուրսներ, որպեսզի դու կարողանաս պետությունդ կառուցել։
Մեկ օրինակ էլ բերեմ՝ անունը չնշելով. ազգությամբ ոչ հայ մի միլիարդատեր պատերազմի ժամանակ Հայաստան էր եկել իր ինքնաթիռով։ Երբ խոսում էինք, ես հարցրի, թե ոնց է վերաբերում այս պատերազմին, ինքն էլ պատասխանեց, որ տարբեր երկրների մեծամեծերի հետ կապ ունի, և բոլորը մեզ լավ են վերաբերում։ Ասաց՝ եթե պարտվեք, մենք ձեզ կօգնենք, մի անհանգստացեք։ Բայց նաև ասաց, որ եթե հաղթենք, իրենք մեզ կասեն ագրեսոր, ու կմտածեն՝ հայն այն ժողովուրդն է, որի հետ կարելի է գործ ունենալ։ Այսինքն՝ նախ դու պետք է ցույց տաս քո արժեքը, և ցույց տաս, որ գիտես քո արժեքը»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մեկ այլ ներկայացուցիչ՝ Հասմիկ Ափյանը հարց հնչեցրեց, թե ի՞նչ անելիքներ կան, և ինչպե՞ս պետք է հայ երիտասարդությանը վերադարձնել դեպի ազգայինը։
Արձագանքելով՝ Վազգեն Մանուկյանը նշեց, որ ազգայինը դաստիարակվում է նախ և առաջ ընտանիքում։
«Դրանք այն սովորություններն ու հարաբերություններն են, որոնք ընտանիքում են, ապա դպրոցում։ Բայց և շատ բան կախված է երկրի վիճակից։ Բայց նույնիսկ այդ դեպքում կան երիտասարդներ, որոնց չի հետաքրքրում ազգայինը, ևս չպետք է մեղադրենք կամ չընդունենք նրանց։ Դա էլ ազատության մի ձև է»,- ասաց վարչապետի թեկնածուն։
Հասմիկ Ափյանը հետաքրքվեց նաև, թե արդյո՞ք մեծ արտագաղթի մասին մտահոգությունները տեղին են, և ի՞նչ է պետք անել՝ դա կանխելու համար, Վազգեն Մանուկյանն ասաց.
«Ցավոք, ես էլ եմ սպասում, որ արտագաղթը մեծ կլինի։ Մարդկանց զգալի մասն արտագաղթում է, քանի որ ոչ թե կյանքն է վատը, այլ քանի որ վստահություն չունի երկրի ապագայի նկատմամբ։ Իսկ ներկա վիճակը ոնց որ թե պարտադրում է։ Ներկայում մեր միակ դաշնակիցը COVID-19-ն է, եթե մինչև դրա վերջը կարողանանք անել քայլեր, որպեսզի վստահություն առաջանա երկրի նկատմամբ, ապա այդ տեմպը կարող է իջնել»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչն է անընդունելի Վազգեն Մանուկյանի համար
- Քաղաքականացված երիտասարդների մասնակցությունը շարժմանը միայն ողջունելի է. Վազգեն Մանուկյան
- Սա ամենաբարենպաստ ժամանակն է՝ իրականացնենք այն երազանքը, որով սկսվեց 1988-ը. Վազգեն Մանուկյան
- Պետք է ունենանք ազգային և բարձր որակի կրթություն. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան