Գնանկման համար դոլար պետք է ներարկվի շուկա, որին ԿԲ-ն չի գնում
2020 թվականի ավարտին Հայաստանի շուկայում արձանագրվում է առաջին սպառման ապրանքների գների աճ: Թանկացել են շաքարի, ալյուրի, ձեթի, կարագի, ձվի արժեքները:
Բանջարեղենի ապրանքախմբում էլ 2020թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 20.5%, իսկ ալկոհոլային խմիչքի, ծխախոտային արտադրատեսակների գներն 2019 թվականի դեկտեմբերի համեմատ աճել են 10.1%-ով:
Գնաճի այս տեմպերը խորացնում են համաճարակով և պատերազմով պայմանավորված սոցիալ տնտեսական ծանր վիճակը: ՀՀ-ում գնաճի կարգավորման լիազորությունները վերապահված են Կենտրոնական բանկին: panorama.am-ը փորձեց լիազոր մարմնից ճշտել, թե ինչ քաղաքականթյուն է իրականացվում գնաճը կանխելու ուղղությամբ և ինչ գործիքակազմով: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից ավանդույթի համաձայն նախ հորդորեցին գրավոր դիմել, բայց հետո նկատեցին, որ դեկտեմբերի 16-ին ԿԲ խորհուրդը քննարկելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որի շրջանակներում առանձին բաժնով կանդրադառնա գնաճին, այնպես որ՝ գրավոր գրելու կարիք էլ չկա:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի պատասխանատու Անի Սմբատյանն էլ հայտնեց, որ հանձնաժողովը գնային քաղաքականության կարգավորման գործառույթ չի իրականացնում, այլ միայն վերահսկում է տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականությունը՝ այն էլ այն դեպքում, երբ առկա են հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության դրսևորման երևույթներ։ Նրա խոսքով, եթե լինում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների կողմից գների բարձրացման հիմքեր, ապա ՏՄՊՊՀ֊-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում:
Տեղեկացվեց, որ մասնավորապես նոյեմբերի 26-ին հանձնաժողովը հավկիթի շրջանառության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շրջանակում նաև սպառողների շրջանում հարցում էր իրականացրել: ՏՄՊՊՀ֊-ն դեռ սեպտեմբերի 27-ից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում արձանագրել էր 1 կգ ալյուրի (շուրջ 7%-ով), ինչպես նաև հավի ձվի իրացման գների բարձրացում:
Ըստ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների, ալյուրի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ։ Ալյուրի արտադրությամբ զբաղվող 2 խոշոր տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ էականորեն բարձրացել են իրենց կողմից ցորենի ձեռքբերման գները:
Հավի ձվի արտադրությամբ զբաղվող 4 խոշոր տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության համաձայն, վերջիններս բարձրացրել են իրացման գները, քանի որ բարձրացել է արտադրվող ձվի ինքնարժեքը, ինչն էլ իր հերթին պայմանավորված է եղել կերի ձեռքբերման գների բարձրացմամբ։
ՏՄՊՊ հանձնաժողովը մշտադիտարկումների արդյունքում նաև արձանագրել էր, որ որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել կիլոգրամով իրացվող շաքարավազի գնի 6-7 %-ով բարձրացում, կիլոգրամով վաճառվող «Նոր Զելանդական» և «Անքոր» տեսակների կարագի իրացման գնի բարձրացում՝ մինչև 1%, արևածաղկի և եգիպտացորենի ձեթերի որոշակի տեսակների գների բարձրացում՝ 2-7 %-ով։ Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ այդ ապրանքների իրացման գների բարձրացումը նույնպես առավելապես պայմանավորված է ներմուծման գների աճով, դրամի արժեզրկմամբ և միջազգային գների բարձրացմամբ:
Վերոնշյալից պարզ է դառնում, որ գնաճը հիմնականում պայմանավորված է դրամի արժեզրկմամբ: Դեկտեմբերի 14-ի դրությամբ մեկ դոլարը գնվում է 521.50 դրամով, վաճառվում՝ 526.50-ով: Սոցիալական նման լարվածության պայմաններում սպառողական ապրանքների գների աճի զսպումը պետության առաջնային խնդիրը պետք է լինի, իսկ դրա համար այսօրվա միակ գործիքը դրամի կուրսի կայունացումն է: Այն հնարավոր է անել միայն շուկա դոլարի որոշակի ներարկմամբ: Դատելով դրամի արժեզրկման կայուն տեմպերից, կարելի է միանշանակ պնդել, որ ԿԲ-ն հավատարիմ է մնում իր քաղաքականությունը, չի պատրաստվում միջամտել արտարժույթի շուկայում տեղի ունեցող զարգացումներին, քանի որ ինչպես միշտ բնականոն և համաչափ է համարում դրամի արժեզրկումը և գների աճը:
Ա. Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան