ՄԱԿ-ում ՀՀ դեսպան․Ադրբեջանի գործողություններում ցինիզմի և կեղծավորության մակարդակը ներկայումս աշխարհում դիսֆունկցիոնալությունների բացահայտ արտացոլումն է
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 31-րդ «COVID-19-ի» վերաբերյալ հատուկ նստաշրջանում, որը նախաձեռնել էր Ադրբեջանը։
Մհեր Մարգարյանն իր ելույթում նշել է, որ COVID-19 համաճարակն ու դրա հետ կապված մարտահրավերները հսկայական ազդեցություն են թողել մարդկային հասարակությունների վրա ամբողջ աշխարհում: Քանի որ աշխարհը ձգտում է հարմարվել նոր գլոբալ համատեքստին, «նոր նորմալը» պարզապես ընդունելու համար սովորական գործիքներին ապավինելը բավարար չէ, անհրաժեշտ են իմաստալից գործողություններ և շոշափելի արդյունք։
«Ցավոք, այս արտահերթ նստաշրջանն այս առումով քիչ բան է անում: Արտահերթ նստաշրջան նախաձեռնելու գործընթացի հենց սկզբից Հայաստանը կասկածի տակ է դրել առաջարկվող նախաձեռնության ավելացված արժեքն ու ամբողջականությունը։ Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահի դեկտեմբերի 3-ին արված հայտարարությունը, որը նաև NAM-ի նախագահն է, բացահայտեց այդ երկրի իրական դրդապատճառը, որն ընտրեց ինստրումենտալիզացնել համաճարակն ու դրա շուրջ հումանիտար մարտահրավերները` իր բռնապետ առաջնորդին առաջ տանելու և հակահայկական ատելությունը հրահրելու հարթակ ստեղծելու համար: Հուսով եմ, որ նրանք, ովքեր կասկածում էին Ադրբեջանի նպատակների վրա, շատ ուշադիր են եղել նրանց ազգային հայտարարությանը»,-ասել է Մհեր Մարգարյանը:
ՀՀ դեսպանի խոսքով, որևէ մարդասիրական բան չի կարող լինել այն երկրի մտադրություններում, որը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում համաճարակի ժամանակ՝ իրենց աջակցող երկրի անմիջական և բացահայտ ռազմական աջակցությամբ ու օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների մասնակցությամբ:
«Մարդասիրական ոչինչ չկա հիմնական ենթակառուցվածքները թիրախավորելու մեջ՝ անմեղ մարդկանց սպանելու, մարդասիրական ճգնաժամ առաջացնելու և Լեռնային Ղարաբաղում կյանքն անհնար դարձնելու նպատակով: Ադրբեջանի կողմից սանձազերծված կանխամտածված լայնամասշտաբ պատերազմը, որը կոպտորեն խախտում է 1994 և 1995 թվականների եռակողմ հրադադարի համաձայնագրերը, ամենամեծ ռազմական սրացումն էր համաճարակային ժամանակաշրջանում»,-ասել է Մհեր Մարգարյանը, կարևորելով նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ, երկարատև և կայուն լուծմումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո։
Նշվել է, որ Ադրբեջանը և Թուրքիան նախընտրել են ցուցադրել իրենց մտադրությունները՝ առաջնահերթություն տալով սադրանքներին և հետագա ագրեսիան՝ խաղաղության և վերականգնման փոխարեն:
««Հաղթանակի շքերթ» անվան տակ դեկտեմբերի 10-ին Բաքվում բեմադրված շոուն ներկայացրեց Ադրբեջանի նախագահի կողմից տարածված կոպիտ տարածքային պահանջները, որը Հայաստանի Հանրապետության տարածքների, այդ թվում Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ որպես «Ադրբեջանի տարածքներ»:
Հատկապես հանդգնություն և ցինիզմ էին անտեղի հիշատակությունները 1945 թ.-ին նացիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի վերաբերյալ: Նման սրբապիղծ և հանցավոր զուգահեռները դիտավորյալ են, դիտավորյալ վիրավորանքներ նրանց հիշատակին, ովքեր կռվել են մարտի դաշտերում մարդկության հաղթանակի համար:
Թուրքիայի նախագահի, այսպես կոչված «շքերթի» համահյուրընկալողի հայտարարությունը բացահայտ սպառնալիքներ էր և հերոսացում Հայոց ցեղասպանության հեղինակների՝ ակնհայտորեն ցույց տալով ցեղասպան մտադրությունը:
Պարոն նախագահ, Ադրբեջանի հայտարարություններում և գործողություններում առկա ցինիզմի և կեղծավորության մակարդակը ներկայումս աշխարհում պահպանվող դիսֆունկցիոնալությունների բացահայտ արտացոլումն է: Աշխարհ, որում Ադրբեջանն առաջարկում է մարդասիրական նախաձեռնություն՝ հարևանի դեմ մահացու պատերազմ սանձազերծելով: Աշխարհ, որում Թուրքիան ողողում է տարածաշրջանը Մերձավոր Արևելքի հազարավոր օտարերկրյա ահաբեկիչ մարտիկներով և վարձկաններով՝ օգնելու համար Ադրբեջանին կատարել բազմաթիվ ռազմական հանցագործություններ, վայրագություններ և միջազգային մարդու իրավունքների մասին օրենքի և հումանիտար իրավունքի այլ կոպիտ խախտումներ՝ պատճառելով մարդկային կյանքերի կորուստներ, կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացում, զանգվածային տեղահանումներ և լայնամասշտաբ մարդասիրական ճգնաժամ, որը ստեղծվել է համաշխարհային համաճարակի կենտրոնում: Աշխարհ, որում նման հանցագործությունների կազմակերպիչները և կատարողները կարծում են, որ հնարավոր է սպիտակեցնել պատմությունը, բարբարոսությունն ու բռնությունը բազմակողմանիության ծխածածկույթով՝ առանց հավասարակշռության, ինչպես նաև պատասխանատվության:
Նման դիսֆունկցիոնալությունն անհամատեղելի է ՄԱԿ-ի հիմնական արժեքների, իդեալների և սկզբունքների հետ և պետք է դիտարկվի որպես սպառնալիքի աղբյուր այն ամենի համար, ինչը պաշտպանում է քաղաքակիրթ մարդկությունը»,-հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը։
Ամբողջական հայտարարությունը՝ հղմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին