Էրդողանի գլխավոր խորհրդականը սպառնում է սպանել ամերիկացի զինվորներին Հունաստանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Մեզութ Հակի Քասընը շաբաթ օրը հայտարարել է, որ ամերիկյան զորքերի հետ վարվելու են այնպես, ինչպես թուրքերը վարվեցին Զմյուռնիայի հույների հետ 1922 թ-ին։
«Մեր երկու գումարտակները կներխուժեն այնտեղ և բոլոր ամերիկացիներին կսովորեցնեն՝ ինչպես լողալ Էգեյան ծովի ջրերում», - ասել է Քասընը հեռուստատեսության եթերում:
Ինչպես գրում է Greek City Times-ը, հունա-թուրքական պատերազմի ավարտին, Զմյուռնիայի Մեծ հրդեհի ժամանակ, ցեղասպանություն իրականացնող Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ուժերը հրկիզեցին մեծ քաղաքը, ինչի արդյունքում շատ հույն խաղաղ բնակիչներ հուսահատ փորձում էին լողալով հասնել նավահանգստի նավերին և խեղդվում էին:
100,000 խաղաղ բնակիչներ, հիմնականում հույներ, զոհվել են կրակից, խեղդվելով կամ ուղղակիորեն թուրքական ուժերի կողմից: Այս դեպքերի հետ կապված թուրքերը «հպարտանում են», թե հույներին լողալ սովորեցրին։
Քասընը, որը Էրդողանի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ է, հայտարարել է, թե ինչպես կարող են փակվել Թուրքիայում ԱՄՆ ռազմական բազաները:
«Մենք կարող ենք նաև փակել մեր [ռազմական] հենակետերը [ԱՄՆ զորքերի առջև]: Թող ԱՄՆ-ը վերցնի իր ռադարները [ՆԱՏՕ-ի ռադարը]: Ռադարն ամեն դեպքում մեզ համար չի աշխատում», - ասել է խորհրդականը:
«Ինջիրլիկը [ավիաբազան] նույնպես: Ինջիրլիկն այնքան էլ կարևոր չէ, որքան սառը պատերազմում, բայց ես կասեմ սա։ Ինչո՞ւ մենք պետք է պաշտպանենք ամերիկացիներին Ինջիրլիկում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն արդեն վերցրեց Patriot- ը [հրթիռները]։ Նրանք այնտեղ արդեն կրճատել են իրենց զորքերը։ Բուլղարիայում և Ռումինիայում կան [ԱՄՆ] հենակետեր: [ԱՄՆ նախկին պետքարտուղար] Քոնդոլիզա Ռայսը ասաց, որ նրանք մեր լավագույն ընկերներն են։ Բայց ինչպե՞ս են նրանք նավեր բերելու, երբ նեղուցները փակվեն», - ասել է նա:
«Հունաստանի մասին. Ես սա նախկինում 10 անգամ ասել եմ Կրետեի մասին: ՀՕՊ-ի օգնությամբ, երբ ԱՄՆ-ը տեղակայի այնտեղ, հնարավոր չէ վերահսկել տարածքը կամ Ալեքսանդրուպոլիսը», - շարունակել է բացատրել նա:
Խորհրդականի ելույթի հաջորդ հատվածը վերաբերում էր Զմյուռնիայի աղետին:
«Մեր երկու գումարտակները կներխուժեն այնտեղ և բոլոր ամերիկացիներին կսովորեցնեն լողալ Էգեյան ծովի ջրերում», - ասել է նա:
Նշվում է, որ սեպտեմբերին Քասընը հայտարարել էր, որ անձամբ է մահապատժի ենթարկելու հույն զինվորներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան