Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ Փաշինյանը կկայացնի հեռանալու որոշում
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայրենիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։ Tert.am-ի հրապարակած հայտարարության մեջ ասված է.
«Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը գտնվում են խորը ճգնաժամի մեջ՝ բարոյական, հոգեբանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, արժեքային:
Դժվար է պատկերացնել ավելի խորը ճգնաժամ. ինչ ավելի պետք է լինի: Կարծում եմ, այն կառավարությունը, ում կառավարման օրոք և արդյունքում առաջացել է այս ճգնաժամը, մնալով իշխանության՝ խիստ կսահմանափակի երկրի զարգացման հնարավորությունները, ազգի ներուժն ու կարողություններն օգտագործելու հավանականությունը:
Հաշվի առնելով, մի կողմից Ադրբեջանի հետևողական ու ագրեսիվ քաղաքականությունը՝ ուղղված իր հաջողությունների ամրապնդմանը, մյուս կողմից էլ՝ Հայաստանին սպասվող մարտահրավերները՝ այս ճգնաժամի յուրաքանչյուր օր շարունակվելը վնաս է մեզ և միայն մեզ:
Այս օրհասական պահը ամենակարևոր փորձությունն է իշխանության համար ցույց տալու՝ արդյոք իրենք ունակ են վեր կանգնել նեղ քաղաքական շահերից, դրսևորել բարձր գիտակցություն՝ երկրին տալով խաղաղվելու, քաղաքական ուժերին՝ իրենց անցած ուղին վերաիմաստավորելու ու ապագայի տեսլական ձևավորելու, ժողովրդին էլ՝ հանդարտ պայմաններում նոր իշխանություն ձևավորելու հնարավորություն:
Հուսով եմ՝ վարչապետը իր մեջ կգտնի համարձակություն՝ կայացնել հեռանալու որոշում՝ ի շահ մեր երկրի ապագայի»:
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Համբարձումյան․Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա, ես կոչ եմ անում մեր ժողովրդին սատարել Վազգեն Մանուկյանին
- Սամվել Կարապետյան. Այս իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան