The Guardian․ ԼՂ պատերազմի տեսանյութերից գլխատված երկու տղամարդկանց ինքնությունը պարզվել է
Ադրբեջանական ուժերի կողմից գլխատված երկու տարեց տղամարդկանց ինքնությունը պարզվել է։ Լայնորեն տարածված տեսանյութերը հաստատում են Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ամենաարյունալի վայրագությունները: Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը։
«Էթնիկ հայ տղամարդիկ զինվորներ չէին, ասել են նրանց համապատասխան գյուղերում գտնվող մարդիկ: Երկուսին էլ գլխատել են ադրբեջանական զինված ուժերի համազգեստով տղամարդիկ»,-գրում է The Guardian-ը, հավելելով, որ սպանությունների, խոշտանգումների կադրերը շարունակում են ի հայտ գալ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անց:
The Guardian-ը զոհերից մեկի ինքնությունը պարզել է բարեկամներից մեկից։
«Նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 3-ին առցանց տեղադրված տեսանյութերում ադրբեջանական զինվորականների համազգեստով տղամարդիկ դանակի միջոցով գլխատում են մի մարդու: Դրանից հետո կտրված գլուխը դնում է սատկած կենդանու վրա:
«Այսպես մենք վրեժ ենք լուծում՝ գլուխները կտրելով», - ասում է ձայնը տեսախցիկից:
Լեռնային Ղարաբաղի Մադաթաշեն գյուղի երկու բնակիչներ պարզել են, որ սպանվածը 69-ամյա Գենադի Պետրոսյանն է, ով 1980-ականների վերջին գյուղ էր տեղափոխվել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից:
Տեղական դպրոցի ղեկավար Գայանե Պետրոսյանն ասել է. «Ես հստակ տեսնում էի նրա դեմքը և կարող էի հասկանալ, որ դա նա էր»: Guardian-ը տեսանյութում տեսել է նաև Պետրոսյանի լուսանկարը, որը շատ նման է զոհին:
Գենադի Պետրոսյանը, որը միայնակ էր ապրում, չի լքել գյուղը, երբ ադրբեջանական ուժերը մոտեցել են: Երբ հարևանը փորձել է նրան տանել, նա իջել է մեքենայից և քայլել տուն:
Գյուղապետ Էդուարդ Հայրապետյանն ասել է, որ Պետրոսյանին ճանաչում է ավելի քան երեք տասնամյակ, և նրան համարում է իր ընտանիքի մտերիմ ընկերը: Պետրոսյանից վերջին զանգը ստացել է հոկտեմբերի 28-ի առավոտյան, ասել, որ գյուղում տեսել է թշնամու ուժեր: Այնուհետև, շաբաթների լռությունից հետո, ի հայտ է եկել տեսանյութը»,- գրում է The Guardian-ը։
Նշվում է, որ Amnesty International-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հետաքննել դիակների գլխատումների և պղծումների տեսանյութերը, հավելելով, որ առցանց ալիքներում ավելի ու ավելի հաճախ գերակշռում են տեսանյութերը, թե ինչպես են հայ զինվորներն ու խաղաղ բնակիչները բռնության ենթարկվում ադրբեջանական զորքերի կողմից:
Մեկ այլ դաժան տեսանյութում էլ Ազոխ գյուղի երեք բնակիչներ պարզել են, որ զոհը 82-ամյա Յուրի Ասրյանն է, որը հրաժարվել է լքել գյուղը հոկտեմբերի 20-ին, երբ ադրբեջանական ուժերը մոտեցել են։
Պատերազմի ընթացքում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ մեղադրանքների վերաբերյալ The Guardian-ը մեկնաբանություն է խնդրել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարից, որի խոսնակը նշել է, որ այս փուլում կարող են միայն ասել՝ հանձնակատարը ստացել է տեսանյութերն ու այլ նյութեր։
«Նախքան հրապարակավ արտահայտվելը՝ նա (ԵԽ հանձնակատարը․-խմբ) ցանկանում է առաքելություն իրականացնել՝ առաջին դեմքով գնահատելու իրավիճակը: Նա առաջիկայում առաքելություն է ծրագրում տարածաշրջան»,- ասել է խոսնակը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան