ԵԱՀԿ Մինսկի Խմբի ձևաչափի ապագան` ԼՂ հարցում
Ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահներն այցելել են Բաքու և Երևան, որից հետո հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպիսի՞ն է այսօր այս ձևաչափի փաստացի կարգավիճակը։
Վերլուծաբան Մայքլ Ռուբինն ընդգծում է, որ ստեղծված իրավիճակը հակասում է ԵԱՀԿ ՄԽ գործընթացի մի շարք դրույթներին: Մասնավորապես խաղաղապահ զորքերը ՄԽ պայմանավորվածության համաձայն չպետք է բաղկացած լինեին հարևան երկրներից կամ ՄԽ անդամներից: Դիտարկվում էր սկանդինավյան խաղաղապահների ներգրավման տարբերակը: Բացի այդ, ըստ Ռուբինի, տարածքներ խաղաղության դիմաց մոտեցումը ևս արդիական չէ:
«Այն, ինչ Ալիևն ասաց Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հաղթանակի ներքո, նշանակում էր, որ նա հասել է այդ բոլոր շրջանների վերադարձին` առանց իրականում որևէ փոխզիջման գնալու կարգավիճակի կամ նույնիսկ կարգավիճակի շուրջ բանակցությունների հարցում»,- ասում է Ռուբինը:
Այսօրվա իրավիճակը սահմանափակում է Փարիզի ու Վաշինգտոնի հնարավորությունները՝ ազդելու գործընթացի վրա, սակայն, ըստ Ռուբինի, հնարավոր է շտկել իրադրությունը, քանի որ նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը հրադադար է, այլ ոչ թե խաղաղության պայմանագիր, որը պարունակում է բազմաթիվ անորոշություններ: Անհրաժեշտ է ուղղակի արագ գործել՝ շեշտում է Ռուբինը:
«Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պետք է լինեն շատ նախաձեռնող: Հայաստանը ևս՝ հստակություն մցնելու այս տարբեր համաձայնագրերում»,- նշում է նա:
Իր հերթին վերլուծաբան Ուլվի Իսմայիլը կանխատեսում է Մինսկի խմբի վերադարձը խաղաղ կարգավորման գործընթաց: Ռուսաստանին անհրաժեշտ է միջազգային այս ձևաչափը, ընդգծում է վերլուծաբանը, նշելով, որ գործընթացն այսօր ընթանում է փուլային ծրագրի տարբերակով: Նա նաև հիշեցնում է ՌԴ նախագահ Պուտինի մոտեցումն այս հացում, ըստ որի ԼՂ կարգավիճակի հարցը ապագայի խնդիր է:
«Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն կվերադառնա ասպարեզ, քանի որ միևնույն է՝ անհրաժեշտ է կարգավորել խնդիրը»,- ասել է Իսմայիլը:
Այցի վերջում ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, ուր նշեցին, որ կողմերը ներկայացրել են իրավիճակի իրենց գնահատականներն ու գալիք տարում համանախագահների հետ համագործակցության վերաբերյալ իրենց ակնկալիքները: Հաշվի առնելով նոր իրողությունները ՝ համանախագահները հաստատել են իրենց շարունակական հանձնառությունը՝ կողմերի հետ կառուցողական համագործակցության հարցում՝ տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խրախուսելու և առկա խնդիրները կարգավորելու համար: Համանախագահները նաև պարտավորվել են հանդիպումների ընթացքում հնչած մտքերի շուրջ հստակ առաջարկներ ներկայացնել կողմերին հետագա քննարկումների համար:
Ամերիկայի Ձայնի հաղորդմամբ, ըստ Վաշինգտոնի դիրքորոշման, ԼՂ հակամարտությունը չունի ռազմական կարգավորում: Խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում կողմերի միջև առարկայական բանակցությունների միջոցով՝ երկարատև ու համապարփակ համաձայնությանը հասնելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան