Կարին Տոնոյան. Չպետք է թույլ տալ, որ սգո օրն այս իշխանությունից որևէ մեկը Եռաբլուր բարձրանա
«Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր- տնօրեն, Արցախի զոհված հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը կոչ է անում բոլոր մայրերին, հայրերին, քույրերին, եղբայրներին, որոնք կորցրել են հարազատներին, ունեն վիրավորներ, չմասնակցել դեպի Եռաբլուր երթին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը: Հայաստանի ու Արցախի ղեկավարությունը որոշել են դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ հայտարարել, կազմակերպել հիշատակի երթ դեպի Եռաբլուր, հիշատակի այլ միջոցառումներ:
«Երկրի հարցը» հաղորդման ժամանակ Կարին Տոնոյանը նշում է, որ չի մասնակցելու այդ երթին:
«Կոչ կանեմ բոլոր այն մայրերին, հայերին, քույրերին, եղբայրներին, որոնք կորցրել են հարազատ, ունեն վիրավորներ, թույլ չտալ ցնծալ մեր սգի վրա: Այդ օրը մեր զավակների 40 օրը չէ, մեր զավակներից շատերին մենք դեռ չենք ստացել: Այդ օրն իրենց ծրագրած պարտության՝ Ադրբեջանի դրոշի օրը Ադրբեջանին նվեր անելու քառասունքն է լրանում:
Մեր կորուստը, սուգն իրենց համար խրախճանք է, իրենք դրանով պարզապես նորից մեզ ծաղրելու են: Եռաբլուր կարելի է գնալ ամեն օր: Մենք արդեն երեք ամիս է սգի մեջ ենք:
Որևէ մեկը, ով այդ օրը Եռաբլուր կգնա, ուրեմն մասնակից կդառնա այդ սարսափելի ծրագրի ևս մեկ հատվածի:
Խնդրում եմ, դիմում եմ բոլորին՝ նախ թույլ չպետք է տալ, որ այս իշխանությունից որևէ մեկը Եռաբլուր բարձրանա և իրենք էլ չպետք է գնան:
Նախ եկեք սպասենք, որ մեր որդիներին վերադարձնենք և բոլորին հողին տանք, քանի որ մեր որդիները, որոնք ընկել են, արդեն բոլորի զավակներն են, միայն իմը չեն, հայրենիքի զավակներն են»,- ասում է «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր- տնօրեն, «Որդուս» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության նախագահ Կարին Տոնոյանը:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն արձագանքել է Կարին Տոնոյանի կոչին:
«Լսեցի Կարին Տոնոյանի «Երկիր Մեդիային» տված, ահավոր հուզիչ հարցազրույցը։ Տիկին Տոնոյանը պատերազմին որդի է նվիրել, բայց զարմանալիորեն չի կոտրվել և շարունակում է հավատալ Արցախի ազատությանը։ Իսկական հայ տիկնոջ իդեալական կերպար։
Տիկին Տոնոյանը, շատ կարևոր ուղերձ հղեց հանրությանը․ թույլ չտալ բռնապետիկին երթով այցելել և պղծել Եռաբլուրը։ Միանգամայն համաձայն եմ, այդ անձը չունի խիղճ, զգացմունք, զոհերը նրա համար ոչինչ են, նրա «խոնարհումը» կեղծ է, ինչպես նրա ցանկացած խոսք և գործ։
Հարգելի արժանապատվություն ունեցող հայաստանցիներ, լսենք որդեկորույս, բայց ազգային արժանապատվությամբ դիմադրող, պայքարող տիկին Տոնոյանի կոչին և արգելափակենք հայրենիքը թշնամուն նվիրած բռնապետիկի հերթական կեղծարարությանը»,- գրել է Ա. Իշխանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Եռաբլուրը եռապատկած ստահակը դեկտեմբերի 19-ին չպե՛տք ոտք դնի Եռաբլուր
- Արցախի և Հայաստանի Հանրապետություններում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ կհայտարարվի
- Ուղղակի խելագարություն է, որ դեռևս երկրում սգո օր չի հայտարարվել. կինոռեժիսոր Սամվել Թադևոսյան
- Նիկոլ դավաճան, ես քեզ իրավունք չեմ տալիս մասնակցել իմ որդու հոգեհանգստյան պատարագին, չհամարձակվես, նեռ. Կարին Տոնոյան
- Որդեկորույս մոր պահանջը Փաշինյանին. «Բանակցությունները կվարեք հաղթողի դիրքերից»