Երրորդ եռամսյակում, նախորդ տարավա համեմատ արձանագրվել է 9.1% տնտեսական անկում. Մարտին Գալստյան
«2020 թվականի նոյեմբերին արձանագրվել է 1.2 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.1 տոկոս գնաճի դիմաց, որի պարագայում 12 ամսվա գնաճը կազմել է 1.6 տոկոս՝ դեռևս ցածր գտնվելով նպատակային 4 տոկոսի մակարդակից»,- հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով ԿԲ խորհրդի նիստի կայացրած որոշումը:
Նրա խոսքով, նոյեմբերին շարունակել է ավելանալ նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որն ամսվա վերջին կազմել է շուրջ 2 տոկոս:
Մարտին Գալստյանը հայտնեց, որ հաջորդ տարվա սկզբից պատվաստանյութի արդյունավետ կիրառության վերաբերյալ սպասումները դրական միջավայր են ստեղծել համաշխարհային պահանջարկի վերականգնման առումով, որը խաթարվել էր համաճարակի պատճառով:
Նա շեշտեց, որ այս տարի համաշխարհային գնաճային միտումներ են արձանագրվել, թե՛ հումքային, թե՛ ապրանքային միջազգային շուկաներում, որն աստիճանաբար ազդեցություն է գտնում գործընկեր երկրների գնաճային միջավայրերի վրա, և ԿԲ խորհուրդը կանխատեսել է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա սպասվում է որոշակի գնաճային ազդեցություն:
«Երրորդ եռամսյակում, ԿԲ կանխատեսումներին համահունչ, նախորդ տարավա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 9.1 տոկոս տնտեսական անկում, որը ձևավորվել է տնտեսության բոլոր՝ հատկապես ծառայությունների ոլորտում արձանագրված նվազումների հաշվին»,- ԿԲ խորհրդի տարածած հաղորդագրությունը ներկայացնելիս ասաց Մարտին Գալստյանը:
ԿԲ գնահատականներով, 4-րդ եռամսյակում նույնպես ցածր տնտեսական ակտիվությունը և թույլ ներքին պահանջարկը կպահպանվեն՝ պայմանավորված ռազմական դրությամբ և կորոնավիրուսի նոր ալիքի բռնկման և դրանց տնտեսական բացասական անորոշություններով:
«Հաշվի առնելով արտաքին տնտեսություների ազդեցության պատճառով կանխատեսվող որոշակի գնաճի արագացումը և երկրի հավելավճարի ռիսկի աճը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,- հայտնեց ԿԲ նախագահը, որը մինչ այդ տեղեկացրել էր այն 1 տոկոսով բարձրացնելու խորհրդի այսօրվա որոշման մասին::
Նա նաև նշեց, որ ըստ Խորհրդի գնահատականների, Հայաստանում դրամավարկային դիրքը շարունակում է մնալ խթանող, ինչը կանխատեսվող հորիզոնում անհրաժեշտ կլինի աստիճանաբար կրճատել՝ ապահովելով գնաճի կայունացումը նպատակային 4 տոկոսի շուրջ:
Մարտին Գալստյանը նկատեց, որ տնտեսական բարձր անորոշությունների պատճառով առկա են գնաճի բարձրացման ռիսկեր և ԿԲ-ն մշտապես հետևում է իրադարձությունների զարգացմանը և նման զարգացում արձանագրելու դեպքում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում:
Նա նաև տեղեկացրեց, որ ԿԲ-ն դեկտեմբրի 29-ին կհրապարակի գնաճի հաշվարկը և դրամավարկային քաղաքականույթանը ծրագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան