Քաղաքականացված երիտասարդների մասնակցությունը շարժմանը միայն ողջունելի է. Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է երիտասարդների հետ։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Հայկ Սևոյանը հետաքրքրվեց, թե «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ի՞նչ դեր են ունենալու քաղաքականացված երիտասարդները, որոնք կուսակցական են, քիչ թե շատ ունեն գաղափարախոսություն։
«Բացի այդ, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ դուք ՀՀ վարչապետն էիք, ինչո՞ւ հենց այդ ժամանակ վերջակետը չդրվեց, որովհետև ժողովուրդը հաճախ նշում է, թե մենք այդ ժամանակ կարող էինք վերջացնել պատերազմը, բայց խաղաղության պայմանագիր ստորագրվեց»,- նշեց երիտասարդը։
Ի պատասխան Վազգեն Մանուկյանը նշեց, որ քաղաքականացված երիտասարդների մասնակցությունը շարժմանը միայն ողջունելի է։
«Մենք պետություն ենք կառուցում, որտեղ պետք է լինեն տարբեր գաղափարներ, այդ պետությունը ընդհանուր ազգային գաղափարներ ունի, բայց կլինեն տարբեր կուսակցություններ, տարբեր գաղափարներ կունենան, և բոլորն էլ օգուտ կտան։ Ես խնդիր չեմ տեսնում։ Կուսակցական և ոչ կուսակցական երիտասարդներն իրարից տարբերվում են ակտիվությամբ, բայց ոչ ոք իրեն իրավունք չպետք է վերապահի՝ ասելու, թե այսինչ գաղափարախոսությունը ճիշտ է, մյուսը՝ սխալ»,- նշեց վարչապետի թեկնածուն։
Ինչ վերաբերում է պատերազմին վերջակետ դնելուն, ապա Վազգեն Մանուկյանն ասաց, որ այդ հարցում շփոթություն կա։
«Իմ վարչապետ եղած ժամանակ մենք ստեղծեցինք զինված ուժեր՝ ոստիկանության մեջ, և ֆիդայիներին ստիպեցինք մտնել այդ կառույց, հակառակ դեպքում պետք է զենքը վայր դնեին։ Մեզ պետք չէին անկանոն զինվորական ջոկատներ։ Հաջորդ քայլն այն էր, որ ստեղծվեց պաշտպանության կոմիտե։ Բայց պատերազմի իրադրություններն այդ ժամանակ չէին, ավելի ուշ սկսվեցին։ Ես արդեն դուրս էի եկել և ընդդիմության մեջ էի։ Ինքս ջոկատով Մարտակերտում էի։
Շուշիի և Լաչինի փայլուն հաղթանակներից հետո սկսվեցին պարտությունները, այդ ժամանակ ինձ առաջարկվեց լինել պաշտպանության նախարար, և ես դարձա։ Այդ ժամանակ սկսվեց բանակը ստեղծվել, տարածքներ ազատագրեցինք, և Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց ինձ դուրս գալ, երևի արդեն վտանգավոր էր իմ նախարար մնալը։ Ես էլ ասացի՝ ինքնակամ դուրս չեմ գա, քանի որ բարոյական պարտք ունեմ, կարող եք ազատել ինձ...։ Եվ ես ազատվեցի այդ պաշտոնից. 1994 թվականի համաձայնագրի կնքման ժամանակ ընդդիմության մեջ էի»,- մանրամասնեց Վազգեն Մանուկյանը։
Սակայն նա ևս նշեց՝ իրեն երբեմն թվում է, որ 1994-ին կարելի էր ավելի լավ պայմանագիր կնքել.
«Բայց մարդիկ, որոնք մասնակցել են դրան՝ Դավիթ Շահնազարյանը, Սամվել Բաբայանը, համոզված են, որ դա հնարավոր չէր։ Այնպես որ, սա օդում կախված հարց է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան