«1992-ին ամուսինս է անհետ կորել, հիմա էլ՝ որդիս. երկուսն էլ 42 տարեկանում»
«Ամուսինս 1992 թվականին անհետ կորել է, որդիս՝ Գարիկ Գրիգորյանն այդ ժամանակ 13 տարեկան էր։ Նա մասնակցել է բոլոր շարժումներին, որպեսզի հորը գտնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց տիկին Կարինեն։
Մայրն արցունքն աչքին հայտնեց, որ այսօր էլ որդին՝ Գարիկ Գրիգորյանը, ճիշտ նույն տարիքում, ինչ հայրը՝ 42 տարեկան, անհետ կորել է։
«Հոկտեմբերի 27-ից ես իր ձայնը չեմ լսել։ Մինչև հիմա բոլոր դռները ծեծում եմ, որդիս չկա։ Նիկոլին էլ եմ նամակ գրել, բոլոր տեղերը դիմել եմ, բայց անարդյունք։ Ուղղակի խնդրում եմ, որ ոտքի կանգնեն պատկան մարմիններն ու օգնեն իմ բալին գտնել։ Ես արդեն ուժ չունեմ, չգիտեմ՝ որ դուռը ծեծել»,- արտասվելով ասում է մայրը։
Նա ցավով նշում է՝ որ դուռը թակում է, ասում են՝ չկա պատասխան։
«Բա լավ, հրամանատար տղա, ուժեղ տղա, ամբողջ կյանքը ազգին նվիրած..., էսօր մեկը չլինի՞, որ ինձ հասկանա, մեկը դուռս չծեծի՞՝ հարցնի՝ ուր ա տղադ։ Ես ի՞նչ անեմ, ի՞նչ ասեմ, չգիտեմ՝ ոնց խնդրեմ։ Ուղղակի խնդրում եմ Նիկոլին..., առ էսօր ինքը էս հարցին չի հետևել, առ էսօր մեկը չեկավ, որ ինձ հարցնի՝ ո՞նց օգնենք»,- ներկայացրեց նա։
Տիկին Կարինեն, որդուն գտնելու հույսով դիմել է ՊՆ-ին, ԱԱԾ-ին, ԿՄԽԿ-ին, նաև գենետիկական անալիզ է հանձնել.«Բայց անարդյունք։ Նախարարությունից նամակ եմ ստացել, որ իրենք ոչ մի պատասխան չունեն, ԱԱԾ-ն գրել է, որ ոչ մի պատասպան չկա։ Թե գերի է, թե ինչ է, ոչ մի տեղեկություն չունեմ»։
Անհետ կորածի մայրը նշում է, որ արդեն հույսը կտրել է, ոչ մի արձագանք չի եղել, սրանից հետո էլ որևէ մեկից արձագանքի չի սպասում։
«Ի՞նչ պիտի ասեն ինձ, չգիտեմ, ո՞նց պետք է ծայրը գտնեմ, չգիտեմ։ Ինքն իրավունք չունի սգո օր հայտնելու, երբ որևէ անգամ չի ծեծել անհետ կորածների հարազատների դուռը։ Ես գոնե պիտի զգայի, որ ինքն ինչ-որ մի բան արել է»,- ասաց մայրը։
Նա նաև տեղեկացրեց, որ որդին՝ Գարիկ Գրիգորյանը երեք երեխա ունի։
«Գարիկը պահեստազորի սպա էր, բանակում կանտուզիա էր տարել, դրա համար էլ չշարունակեց աշատանքը։ Հիմա էլ «Պահապան ազատամարտիկների միության» նախագահն է։ Իմ որդին իր զորքը հանել է սմենափոխի, ապա բարձրացել է, որ երեք վիրավորների բերի, տղաներն ասել են՝ հրամանատար, գանք, օգնենք, ասել է՝ չէ, հազիվ մեքենայի մեջ այդ վիրավորներին տեղավորեմ։ Ու այդ օրվանից լուր չունենք»,- հայտնեց մայրը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան