Մարդկանց ապրած կյանքը մեկ ստորագրությամբ առոչինչ դարձրած մարդը ինչ երեսով պետք է գնա Եռաբլուր. քարվաճառցի
«Բացի այն, որ ես զոհված եղբայր ունեմ, բացի այն, որ այլ կորուստներ եմ ունեցել այս պատերազմում, ես նաև 20 տարիներս անցկացրել եմ Քարվաճառում և իմ 20 տարիները համարվում են առոչինչ մի ստորագրության պատճառով»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց Քարվաճառի բնակչուհի, պատերազմում եղբորը կորցրած Տաթևիկ Վիրաբյանը:
Նա հայտարարեց, որ բազմաթիվ մարդկանց ապրած կյանքը մեկ ստորագրությամբ առոչինչ դարձրած մարդը ինչ երեսով պետք է գնա Եռաբլուր, և պնդեց, որ ոչ մեկը դա թույլ չի տա:
«Այն մարդը, ով ավելացրել է Եռաբլուրը և պակասացրել հայրենիքը՝ բազմաթիվ մարդկանց դարձնելով անտուն, անհայրենիք, արդյո՞ք իրավունք ունի իր պիղծ, հակահայ, ապազգային ոտքը դնի մեր սրբավայրերից մեկը»,- հայտարարեց զոհվածի քույրը և նկատեց, որ ժամանակին Աննա Հակոբյանն էլ ասում էր, որ զոհվածները իրենց կյանքը տվել են հանուն ոչնչի:
Տաթևիկ Վիրաբյանը նշեց, որ եղել է առաջնագծում և տեսել ամեն ինչ, իր ընկերներն են զոհվել իր աչքի առաջ, նույնիսկ վիրավորների արյան հոտը դեռ զգում է:
Նա հիշեց եղբոր խոսքերը, որն ասում էր, թե երբ վերևի դիրքերից նայում է Քարվաճառին, հասկանում է, թե ինչու է ինքն այդ դիրքերում: Վիրաբյանը հայտնեց, որ շատ տղաներ է տեսել, որոնք գիտակցում էին, թե ինչի համար են կռվում:
Զոհվածի քույրը պատմեց, որ Քարվաճառում կային Շահումյանից գաղթած ընտանիքներ, որոնք նոր կյանք էին ստեղծել, բայց դա էլ կորցրին:
«Մարդիկ վարկ վերցրին, որ տուն սարքեն, տունը թողեցին թշնամուն՝ վարկը մնաց իրենց»,- ասաց նա։
Տաթևիկ Վիրաբյան նկատեց, որ նախկին իշխանությունների միջոցով ազատագրված հողերում ապրել է, մյուս եկածներն էլ շենացրել են դրանք, իսկ ներկա իշխանություններն իր տունն ու հայրենիքը հանձնեցին թշնամուն: