«Հրապարակ». Փաշինյանը ԱԽ նիստում կենտրոնացել է քարոզչական տերմինի՝ «մեդիատեռորի» վրա, լրատվամիջոցներին մեղադրելով իրենց դեմ աշխատելու մեջ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը թեև դեռ պահում է իշխանությունը, սակայն կորցրել է հարգանքն անգամ յուրայինների շրջանում։ Նախօրեին Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի մեկնարկից առաջ Փաշինյանի արարողակարգը հատուկ մտել և զգուշացրել է ներկաներին, որ Փաշինյանի՝ սենյակ մտնելիս բոլորը ոտքի կանգնեն։ Ի դեպ, դա արարողակարգի մաս լինելուց բացի տարրական հարգանք է պետական ինստիտուտի նկատմամբ։ Սակայն ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անգամ զգուշացումից հետո ոտքի չի կանգնել, ուշագրավ է, որ Մարուքյանը՝ ինքը, և իր մասը դուրս են մնացել պաշտոնական լրահոսից, և վարչապետի կայքում նիստի մասին տեսանյութում երևում է միայն ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ով չուզենալով՝ ոտքի է կանգնում։
Իսկ ինչ վերաբերում է նիստի բովանդակային հատվածին, մեզ ասացին, որ Փաշինյանը հատկապես ծանրացել է օրերս ասպարեզ նետված քարոզչական տերմինի՝ «մեդիատեռորի» վրա, լրատվամիջոցներին մեղադրելով իրենց դեմ աշխատելու մեջ։ Ակնարկ է հնչել, որ չճշտված ինֆորմացիայի դեմն առնելու համար պետք է կենտրոն ստեղծել և ԶԼՄ-ներին պարտադրել հետևել այդ տեղեկատվական կենտրոնին, ինչպես պատերազմի 44 օրերին էր։ Սակայն Էդմոն Մարուքյանն ասել է, որ իշխանության բոլոր օղակները լեգիտիմության խնդիր ունեն, և որևէ մեկը պատերազմի ստերից հետո չի հավատա նրանց տված ինֆորմացիային»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: