Դեկտեմբերի 18-ի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվեն նաև տարածաշրջանային խնդիրներ
Դեկտեմբերի 18-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության և կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ հարցեր: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Ըստ հաղորդագրության, նիստը նախագահելու է Ուզբեկստանի Հանրապետությունը` տեսակոնֆերանսի միջոցով:
Նշվում է, որ երկրների ղեկավարները կքննարկեն քաղաքական, առևտրային, տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում ԱՊՀ շրջանակներում համագործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները: Բացի այդ, նախատեսվում է դիտարկել COVID-ի տարածման դեմ պայքարում փոխգործակցության խնդիրները, ինչպես նաև կարծիքներ կփոխանակվեն արդիական միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Հանդիպումից հետո կհաստատվի ԱՊՀ հետագա զարգացման նորացված հայեցակարգը, կընդունվեն համատեղ հայտարարություններ ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ և միջազգային տեղեկատվական անվտանգության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: Կստորագրվեն նաև մի շարք այլ փաստաթղթեր: