Րոպեներ անց կմեկնարկի ՌԴ նախագահ Պուտինի տարեկան մամուլի ասուլիսը
Միջոցառման ընթացքում Նախագահը գտնվելու է Նովո-Օգարևոյի իր նստավայրում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կանցկացնի իր տարեկան մամուլի ասուլիսը, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 13.00-ին։ Այս մասին գրում է Tass-ը։
Այս տարի կորոնավիրուսային համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով այն կանցկացվի նոր ձևաչափով`վիդեոկոնֆերանսի միջոցով` ուղիղ կապի տարրերով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախապես լրագրողներին հայտնել էր այս իրադարձության առանձնահատկությունների մասին: Նրա խոսքով, մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը կլինի Նովո-Օգարևոյի իր նստավայրում և կտեսնի և կլսի բոլոր նրանց, ովքեր իրեն հարցեր են տալիս: Ինչ վերաբերում է կապի տարրերին, ապա դրան վերաբերող հարցերն ավանդաբար հավաքվում են հատուկ կայքի և բջջային սարքերի համար նախատեսված հավելվածի միջոցով, այդ աշխատանքներին ներգրավված են Համառուսաստանյան ժողովրդական ճակատի կամավորները:
Այս տարի ռուսաստանցիները կարող են իրենց հարցերը նախագահին ուղարկել ոչ միայն տեքստային, այլ նաև մուլտիմեդիա ձևաչափով, օրինակ՝ տեսանյութ ձայնագրելով: Հարցերի հավաքումը, սովորաբար, շարունակվում է մինչև միջոցառման ավարտը:
Չնայած հեռուստաընկերություններն իրենց հեռարձակման գրաֆիկում երեք ժամ են դրել ասուլիսի համար, բայց դրա տևողությունը հնարավոր չէ կանխատեսել: Դա չի արել նաև Դմիտրի Պեսկովը, ասելով, որ պետության ղեկավարի մամուլի ասուլիսը կլինի շատ երկար և հագեցած իրադարձություն: