Մեզ ի՞նչ է պետք՝ «բուֆերնի» զոնա, որ իմ ու քո երեխային չգողանան. սյունեցին՝ ոստիկանին
15.59
Գորիսի բնակիչները կոչ են անում, հորդորում են, որ պետությունն իրենց մասին մտածի՝ գոնե մի փոքր։
«Մենք մեր սահմանները թողեցինք, իջանք։ Բայց ո՞նց պիտի հիմա մեր երեխաներին պահենք։ Այդ հարցին լուծում է պետք։ Այստեղ ամեն ինչի մեղավորը մեկ հոգի է, հիմա էլ որևէ մեկը չկա, որ մեզ օգնի։ Սրան-նրան խնդրելով ո՞նց ապրենք, գյուղում ջոկատ չկա, բազմազավակ հայր եմ, մեծ տղաս առաջնագծում է, հինգ անչափահասներն՝ ինձ մոտ. հիմա ո՞վ պետք է իմ երեխաների անվտանգությունը պահի»,- նեղսրտած ասաց քաղաքացիներից մեկը։
Նրա խոսքով, ինքն էլ ռազմական վարորդ է, եթե գյուղում չլինի, այդ դեպքում չգիտի՝ ո՞վ պետք է իր ընտանիքին պաշտպանի։
«Ես ի՞նչ իմանամ՝ երեխաս ապահով է այստեղ, թե՞՝ չէ։ Այդ հարցի մասին պետք է մտածեն։ Եթե տալիս են, ուրեմն հետո լրիվ են տալու, եթե չեն տալիս, ապա թող մեր սահմաններին տիրություն անեն։ Մենք լավ գիտենք՝ որտեղ են սկսվում մեր սահմանները»,- ասաց նա։
Սյունեցին կոչ արեց, որ պետությունը սկսկի մտածել ժողովրդի մասին, այլ ոչ ամեն օր ասի՝ այսօր է օգնելու, վաղն է օգնելու.
«Ինչո՞վ եք աջակցում մեզ, հողերը թուրքերին տալո՞վ։ Հենա մեզ էլ հետը տվեք թուրքերին, պրծնի գնա։ Էլ էստեղ մնալու իմաստը ո՞րն է, եթե մենք չենք կարողանալու այստեղ հող մշակել, մեր երեխաներին անվտանգ մեծացնել։ Թող մի ղեկավար գա, մեզ հետ տասը օր պոստում կանգնի, նոր որևէ բան խոսի»։
15.11
Սյունեցի Դավիթ Համբարձումյանը ևս հիշեցնում է, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն՝ պետք է զինված ուժերը կանգնեին այն դիրքերում, որտեղ կռիվը վերջացել էր, սակայն հիմա օդանավակայանը և միջպետական ճանապարհը սահմանակից են Ադրբեջանին։
«Ո՞նց են պատկերացնում թշնամուց 300 մետր հեռավորության վրա օդանավակայանը և միջպետական ճանապարհը՝ ուղիղ գծով, մենք պետք է իրենց հետ ապրենք, արյունը դեռ չի չորացել: Ես համոզված եմ, որ վեճեր են լինելու, որովհետև բոլոր ընտանիքներում հարազատ զավակ են կորցրել, ինչպե՞ս կարող է այդ գյուղում կոնֆլիկտ չլինել»,- հարց հնչեցրեց նա։
Սյունեցին նշեց, որ հիմա Կապանը դառնում է սահմանակից, և պետք է իշխանությունները երաշխավորեն, որ քայլեր են լինելու.
«Անորոշության մեջ ապրելը ճիշտ չէ, եթե ասում ենք, որ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, ես վստահաբար ասում եմ, որ մեր ողնաշարն արդեն թուլացել է: 90-ականների տղաներն են նաև այստեղ, ես նրանց աչքերում հիասթափություն եմ տեսնում»:
Դավիթ Համբարձումյանի խոսքով, իրենց անվտանգության երաշխավորությունը Հայաստանի կամ էլ Ռուսաստանի կողմից պետք է լինի։
«Մամուլից տեղեկացա, որ 21 կմ ճանապարհի ձախակողմյան մասը՝ մինչև Որոտանի հատվածը, հայտնվել է թշնամու սահմանին կից, մենք հիշում ենք 90-ականների առևանգումները, հիմա մենք ինչ երաշխիք ունե՞նք, որ վաղը ես իմ երեխային, մորը ուղարկեմ մայրաքաղաք, սնայպեր չի աշխատի, հետո պիտի ասեն՝ դե եղավ, մեկ- երկու դեպք է եղել։ Բայց մեր փոքր ազգի համար երեք դեպքն էլ բավական է: Մենք միայն անվտանգության երաշխիքներն ենք ուզում: Ովքեր մեծ-մեծ խոսում են, թող գան Սյունիք, 15 րոպե պոստ կանգնեն, ոչ թե ասֆալտների վրա նկարվեն: Եթե մեկը համարձակվի այս ելույթիս տակ գրի «պիցայակեր» կամ այլ բան, հանկարծ ինձանից չնեղանա, մենք միայն պահանջում ենք անվտանգություն»,- եզրափակեց խոսքը սյունեցին։
14.37
Սյունիքի մարզում շարունակվում են բողոքի ակցիաները։ Քաղաքացիները նշում են, որ իրենք լռում էին, քանի որ սպասում էին, որ հարցի լուծում կարող է լինել։
«Բայց հիմա էլ չենք լռում, էլ ո՞ւր լռենք»,- ասում են քաղաքացիները, ապա հավելում, որ իրենց ակցիան նաև հակառակորդին ցույց տալու համար է, որ հայը վախկոտ չի, և չի պատրաստվում իր տունը հանգիստ տալ թշնամուն։
Նրանք վստահ նշում են, եթե անգամ ոստիկանությունն իրենց ծեծի ու կոտորի, չեն բացելու ճանապարհը, մինչև իրենց հստակ պատասխաններ չտան։
«Էս հարցը պիտի լուծենք, պիտի ռուս գեներալներին ու գնդապետներին հրավիրենք, խնդրենք, որ դեռ պոստերից մարդկանց չիջեցնեն, գոնե մի տասը օր, մինչև հարցին լուծում տրվի։ Գոնե պիտի խնդրենք, որ դիպուկահարի համար նախատեսված 2.5 կմ գոտին պաշտպանենք, ոչ թե ավելի մոտիկից մնանք իրենց թիրախում»,- ասում են իրենք։
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն էլ հանդիպեց քաղաքացիներին, ասաց, որ կանգնում է նրանց կողքին, եթե իհարկե, սյունեցիները լավագույն տարբերակը դա են համարում։
Քաղաքացիներն էլ նրան ասացին. «Դու ուժեղ մարդ ես, մի բան արա, խոսի ռուսների հետ»։
Ի պատասխան, մարզպետն ասաց, որ այժմ պետք է համայնքապետերի հետ գնա պաշտպանության նախարարին հանդիպելու. «Տեսնեմ՝ ինչ է ասում, կգամ այստեղ»։
Քաղաքացիներն էլ վստահեցրին, կմնան ճանապարհին այնքան ժամանակ, քանի դեռ մարզպետը չի վերադարձել։
13.53
Սյունեցիները շարունակում են փակ պահել Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը։ Նրանք շարունակում են սպասել որևէ պաշտոնյայի, ով կգա և իրենց հարցերին կպատասխանի և խնդրի լուծման որևէ տարբերակ կառաջարկի։
«Մեզ հետաքրքիր չի՝ ով է կառավարում, ո՞ւմ է կառավարում, մեր խնդիրը մեկն է. մենք մեր ականջներով լսել ենք, որ ստորագրված փաստաթղթով ասվում է՝ կողմերից որը որտեղ կանգնել է, այդտեղ էլ մնում է։ Էսօր լրիվ հակառակն է լինում, բա մենք էլ հասարակություն ենք, չիմանա՞նք, թե խի է այդ պայմանը խախտվում, իսկ միգուցե նման պայման չի եղել, վաղն էլ կգան կասեն՝ սահմանը էսպես չի, կայարանից հետո է, հետ քաշվեք»,- ասաց սյունեցիներից մեկը։
Նա հարց հնչեցրեց՝ հիմա իրենց իրավունք չունե՞ն իմանալու, թե որտեղ պետք է ապրեն։
Մեկ ուրիշն էլ նշեց. «Ասում ենք՝ էս հողը մերն է, բայց մեր կամավորներին էդ պոստերից հանում են, մեր տարածքից իջեցնում են։ Մենք չգիտենք՝ ում հրամանով է, որ մենք մեր պոստերը պիտի թողնենք ու իջնենք»։
13.17
Սյունիքի մարզում սահմանների անվտանգության հարցով բողոքի ակցիաներ են։ Քաղաքացիները փակել են մարզային գլխավոր ճանապարհներից մեկը և պահանջում են որևէ հստակ պատասխան տալ՝ ինչպես է ապահովվելու մարզի սահմանային անվտանգությունը՝ նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթից հետո։
«Մենք այստեղ ենք մեր երեխաների անվտանգության համար։ Վաղը մյուս օրը խնդիրն ավելի լուրջ է լինելու։ Դուք էլ եք տեսնում՝ ինչ վիճակ է ամբողջ Սյունիքում։ Թողնելու եք այսպես մնա՞»,- նեղսրտած նշում են քաղաքացիները։
Ճանապարհները բացելու կոչով նրանց մոտեցած ոստիկանները ևս համամիտ էին, որ խնդիր առկա է, սակայն դրա համար, նրանց խոսքով, պետք է համախմբված գործել, այլ ոչ՝ ճանապարհները փակել։
Ի պատասխան՝ սյունեցիներից մեկն արձագանքեց. «Է, հա, համախմբված ենք»։
Ոստիկաններն էլ շարունակեցին ճանապարհը բացելու իրենց հորդորը։
«Տեսնում եք, այս ճանապահով շտապ օգնության մեքենաներ են անցնում, հիմա դուք փակել եք ամբողջ ճանապարհը։ Եկեք մի կողմում բոլորով հավաքվեք, չեմ ասում գնացեք, ուղղակի մի կողմում կանգնեք։ Մեքենաները մնացել են ճանապարհին, չեն կարողանում շարժվել»,- ներկայացրեց իրավիճակը ոստիկանության աշխատակիցներից մեկը։
Քաղաքացինրն ըմբոստացան. «Չէ, չենք բացի»։
Ի պատասխան, ոստիկանության աշխատակիցն ասաց, որ այդտեղ է՝ քաղաքացիների հետ բանակցելու և լուծում գտնելու համար։
«Իսկ դու կարո՞ղ ես մեր պոստերի հարցը լուծել»,- հարցրին քաղաքացիները։
Ոստիկանության աշխատակիցն էլ արձագանքեց՝ պոստերի հարցով զբաղվելու իրավասությունը ՊՆ-ինն է։
Քաղաքացիներն էլ վրա բերեցին՝ ՊՆ-ից ոչինչ չեն ստանում։
«Տեսնում ենք, որ ՊՆ-ն բանի պետք չի, ցավդ տանեմ։ Ախպեր, քո ընտանիքի համար էլ ենք է կռիվ տալիս։ Մեկը ես՝ իմ ու քո երեխայի համար եմ այստեղ։ Գերեզման ունեմ, թուրքը սնայպերով խփում է մեր գերեզմաններին։ Գիտե՞ս, որ տենց բան է եղել, գիտե՞ս։ Մեզ ի՞նչ է պետք՝ «բուֆերնի» զոնա, որ իմ ու քո երեխային չգողանան, չգան սաղ օրը «կայֆավատ» լինեն մեր վրա»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ սյունեցի էլ ոստիկանին դիմելով ասաց, որ եթե իրենք իրենց հաց ու ջրի համար փակած լինեին ճանապարհը, ոստիկանի հորդորը հասկանալի կլիներ.«Բայց դու հասկանում ես, չէ՞, թե ինչ համար ենք հավաքվել։ Քո ընտանիքն էլ էս խնդիրն ունի, դու էլ ես ունենալու։ Հիմա ռուսը մեր ընկե՞րն է, մեր բարեկա՞մն է, թեկուզ հենց իրեն ենք խնդրում, թող գա ու էս հարցը լուծի, եթե մերոնք չեն կարողանում։ ՀՀ-ն ՌԴ-ի հետ պայմանագիր ունի, չէ՞։ Հիմա թող գան մեր անվտանգությունը պահեն»։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ, շարունակելով համաքաղաքացու խոսքը, նշեց, որ ստորագրված պայմանագրով կողմերը պետք է իրենց այդ պահի դիրքերում մնան, հիմա ինչո՞ւ է հակառակորդը խախտում այդ կանոնը։
«Հիմա մենք սպասում ենք, որ գա էն մարդը, ով պետք է մեր այս հարցերին պատասխանի, մեզ հստակ ասի՝ որն է մեր գիծը, որը՝ հակառակորդինը, ու ո՞վ է պահելու մեր անվտանգությունը»,- իրենց պահանջը ձևակերպեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքներ. Տիգրան Ավինյան
- Սյունիքում սահմանագծումների հարցով բացակայում է պետական մարմինների հաղորդակցությունը գյուղերի բնակիչների հետ. ՄԻՊ
- Արփինե Հովհաննիսյան. Սյունիքի մարզի հետ կապված խնդիրները դեռ առջևում են
- Սյունիքի վրա թաթը դնելու առումով Թուրքիայի դերը տարածաշրջանում ավելի է հզորանում. Սուրեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին