Քաղաքական անորոշությունները դառնում են տնտեսական ֆակտորներ, որոնք լուրջ ազդեցություն են ունենում. Ջրբաշյան
«Իրավիճակը երկու հիմնական ֆակտորներով է պայմանավարված: Ամենամեծ ազդեցությունը պատերազմն է ու պարտությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքները, և այդ ամեն ինչն իրականացվել է կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնի վրա»,- «Դրամի արժեզրկումը և տնտեսական դաշտի խնդիրները» թեմայով քննարկմանն ասաց «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Նա նշեց, որ իրենց գնահատականներով, տարին կփակվի 8,5-9,2, 9,3 տոկոսի անկման պայմաններում, համապատասխանաբար, կարծում է, բավական լուրջ անկում կլինի ներմուծման ոլորտում: Արտահանման ոլորտում անկումը կշարունակվի:
«Իմ կարծիքով, հասարակությունը դեռ չի ընկակում այն լրջագույն մարտահրավերները, որոնք այս տարվա զարգացումները կունենան մեր տնտեսության վրա միջնաժամկետ, եթե ոչ երկարաժամկետ կտրվածքով: Այդ ազդեցությունները ենթադրում են, որ լրջագույն վերաիմասավորում և վերաձևում պետք է իրականացնել մեր տնտեսական քաղաքականությունում, ապրելակերպում, աշխարհընկալման մեջ, ինստիտուցիոնալ կառուցվածքում, քանի որ այն մարտահրավերները, որոնց բախվում է մեր երկիրն ու առաջիկայում կբախվի, շատ ավելի լուրջ են, քան մենք երևի թե կարող ենք պատկերացնել»,- ասաց տնտեսագետը:
Նա շեշտեց՝ այս պահի չկա որևէ մի ոլորտ, որտեղ լրջագույն ճգնաժամ չկա:
Ներկայացնելով հիմնական մարտահրավները՝ Տ. Ջրբաշյանն առաջնային նշեց տնտեսության զարգացման պոտենցիալի տեսակետից մարդկային կապիտալը, որն առանց այս իրավիճակի էլ գտնվում էր ծայրաստիճան կրիտիկական իրավիճակում՝ հաշվի առնելով դեմոգրաֆիական փոսը, որով անցնում է Հայաստանն անցած տարվանից սկսած, պայմանավորվում է աշխատաշուկա մտնող երիտասարդ սերնդի կտրուկ նվազմամբ:
Հաջորդ մարտահրավերը, ըստ նրա, 2022-23 թթ. կտրուկ աճելու է կենսաթոշակային տարիքում գտնվող բնակչության քանակը, որի հետևանքով սոցիալական ոլորտում ծանրագույն իրավիճակ է լինելու:
«Դեմոգրաֆիական ֆենոմենը բերում է նաև կրթական ճգնաժամի, քանի որ դեմոգրաֆիական փոսի արդյունքում պահանջարկի նվազման պայմաններում կրթական համակարգը ադապտացնում է իրեն առաջարկը պահանջարկին՝ նվազեցելով որակի ցուցանիշները: 2015–ին եթե դպրոց ավարտած երիտասարդներից միայն 30 տոկոսն էր կարողանում ընդունվել ու շարունակել կրթությունը բարձրագույն կրթության ոլորտում, անցած տարվա ցուցանիշը մոտ 57 տոկոս է: Այսինքն մուտքի ֆիլտրները նվազեցնում ենք, ինչի արդյունքում այդ ոլորտը նույնպես ճգնաժամի մեջ է»,- նշեց Տ.Ջրբաշյանը:
Մարտահրավերներից մեկն էլ, նրա ներկայացմամբ, այն է, որ պատերազմի հետևանքով հենց այդ փոսում գտնվող սերնդին է հասցվել լուրջ վնաս՝ զոհվել են կամ վիրվորվել:
«Երկրորդ պարամետրը կապիտալի առկայությունն է: Նույնպես բարդ իրավիճակում է՝ հաշվի առնելով մի կողմից պատերազում գտնվող, պոստպատերազմային երկրները որպես կանոն մասնավոր ներդրումների սահմանափակ ծավալ ունեն, ակնկալել, որ կունենանք արտասահմանյան ներդրումների որևէ աճ, քիչ հավանական է, մյուս կողմից այն անորոշություններն ու իրավիճակը, որը սպասվում է: Դա բերում է նրան, որ մենք հնարավոր է կապիտալի արտահոսք ունենանք»,- ասաց տնտեսագետը:
Տ. Ջրբաշյանի խոսքով, հաշվի առնելով նաև անորոշությունը, անվստահությունը, անվտանգության սպառնալիքը, որը գոյություն ունի հատկապես պարտված երկրների համար, բերում է նրան, որ արտագաղթի լուրջ աճ կլինի, որն էլ ավելի կխորացնի թե մարդկային ռեսուրսի վրա ազդեցությունը, թե մյուս կողմից կապիտալի արտահոսքի ավելի մեծանալու հավանականություն կա:
Ըստ նրա, վերաիմաստվորումը պետք է սկսվի պետական բյուջեի վերանայումից. «Հիմնվելով միջնաժամկետ ծրագրերի վրա և փորձել իներցիոն զարգացումը, տրամաբանության մեջ որոշակի թվեր փոխելով, շարունակել բյուջետավորման գործընթացը՝ վկայում է, որ մենք դեռ իրականում չենք էլ պատկերացնում այդ մարտահրավերները»:
Տ.Ջրբաշյանի խոսքով, անորոշությունը, որը այսօրվա տնտեսական իշխանությունները բնորոշում են որպես քաղաքական անորոշությունը, ուղղակիորեն ազդում է նրա վրա, որ հասարակությունն ու տնտեսական իշխանությունները չեն կարողանում արձագանքել այն մարտահրավերներին, որոնք դեռ առաջիկայում կլինեն:
«Քաղաքական անորոշությունները բերում են նաև պետության անկարողության՝ արձագանքել լուրջ տնտեսական մարտահրավերներին, այդ անորոշությունները դառնում են տնտեսական ֆակտորներ, որոնք լուրջ ազդեցություն են ունեն»,- ասաց «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսվարողների կողմից դոլարի պահանջարկը բերել է նրա գնի բարձրացման. ԿԲ նախագահ
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով
- Գնանկման համար դոլար պետք է ներարկվի շուկա, որին ԿԲ-ն չի գնում
- ԿԲ-ն ու կառավարությունը ի վիճակի չեղան մեր տնտեսությունը նախապատրաստելու այս արժեզրկմանը. Սուրեն Պարսյան
- Թաթուլ Մանասերյան. Քաղաքական այս թիմը պետք է հեռանա, քանի որ շատ լուրջ նյութական վնաս է հասցնում նույնիսկ իրենց ընտանիքներին