ՕԵԿ. Հրատապ է կառավարության հրաժարականը
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստը, որը վարում էր կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նիստին մասնակցում էին կուսակցության փոխնախագահներ Կարինե Սարգսյանը, Վահե Թորոսյանը, Հայկ Բարսեղյանը, խորհրդի և վարչության անդամներ, տարածքային կառույցների ղեկավարներ։
Կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, կուսակցության խորհրդի նիստում քննարկելով Հանրապետությունում ստեղծված ծանր իրավիճակը` քաղաքական խորհուրդը հրատապ է համարում կառավարության հրաժարականը և հնարավորինս լայն համախոհությամբ` ներառյալ խորհրդարանական խմբակցությունների և 16 կուսակցությունների ներգրավմամբ Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձևավորման և նոր արտահերթ ընտրությունների անցկացման քաղաքական անհրաժեշտությունը։
Կուսակցությունը՝ ահազանգելով իշխանությունների շարունակական ձախողումներին, մտահոգություն հայտնելով խորացող ներհասարակական և ներքաղաքական ճգնաժամի առնչությամբ, դատապարտելով իշխանությունների 44-օրյա պատերազմի արդյունքում ցուցաբերած կրավորական, անպատասխանատու և բազմաշատ սխալներ պարունակող անդեմ և ստի քարոզչության վրա արտահայտած դիրքորոշումները, կործանարար համարելով հասարակությունը շարունակական պառակտելու անփառունակ փորձերը՝ հայտարարում է ստեղծված իրավիճակը խաղաղ, առանց բռնությունների և բախման հանգուցալուծելու կարևորությունը։
«Նոր, ազգային լայն համախոհության հենքի վրա ձևավորվող ժամանակավոր կառավարության գլխավոր նպատակներն ենք համարում հրատապ սահմանադրական և ընտրական փոփոխությունների իրականացումը և առավելագույնը մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրությունների անցկացումը։
Կուսակցությունը ողջունում է նաև Հայրենիքի փրկության ճակատի գործունեությունը, հայտնում է իր ակտիվ զորակցությունը և մասնակցությունը Ազգի արժանապատվության համար պայքարող իր տասնյակ հազարավոր հայրենակիցներին և կոչ է անում իշխանություններին՝ ընդունելով տեղի ունեցածի ողջ քաղաքական պատասխանատվությունը՝ չդիմել վտանգավոր բախտախնդրության։
Արտահերթ, ազատ և արդար ընտրությունների անցկացումը բացարձակ անհրաժեշտություն է, խոհեմ և փորձառու իշխանության ձևավորումը` քաղաքական հրամայական»,-ասված է արածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին