Անհետ կորածների որոնողական խմբերի քանակը երեքից հասցվել է հինգի. Դմիտրի Պերեպելկին
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ստեփանակերտի ռուսական ռազմական դաշտային հոսպիտալում որակյալ բժշկական օգնություն է ցուցաբերվում ոչ միայն խաղաղապահներին, այլև տեղի բնակչությանը: Նրա խոսքով, մինչ օրս այդ հիվանդանոցում ռուս մասնագետներն արդեն օգնություն են ցուցաբերել տեղի 29 բնակիչների, այդ թվում՝ չորս երեխաների: Ճեպազրույցը հրապարակվել է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում:
«Մարտակերտ քաղաքում ավարտվել է երկրորդ ռազմական հիվանդանոցի տեղակայումը, որը սկսում է բժշկական աջակցություն ցուցաբերել ռուս խաղաղապահներին և հարակից բնակավայրերի բնակիչներին: Բացի այդ, տեղի բնակիչներին օգնություն են ցուցաբերում ռազմական բժիշկների շարժական խմբերը: Ընդհանուր առմամբ, արդեն սպասարկվել է 558 մարդ, այդ թվում ՝ 67 երեխա»,- հայտնել է Դմիտրի Պերեպելկինը:
Նրա խոսքերով, դեկտեմբերի 16-ի դրությամբ ապահովվել է ավելի քան 40 հազար փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, խաղաղապահների օգնությամբ ամբողջովին վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը, որի համար իրականացվել են 18 կմ էլեկտրահաղորդման գծերի և 50 հենասյուների նորոգման աշխատանքներ: Զորախմբի կենտրոնի ղեկավարի տեղակալը հայտնել է, որ վերականգնվել է 24 բնակավայրերի էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 12 հազար մարդ:
«Մարդասիրական ականազերծման կենտրոնի ռուս սակրավորները չպայթած ականներից և արկերից մաքրել են 195 հա տարածք և 60 կիլոմետր ճանապարհ: Չպայթած զինամթերքի առկայությունը ստուգվել է 405 շենքերում: Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան վեց հազար պայթուցիկ օառարկա»,- հայտնել է նա:
Դմիտրի Պերեպելկինը տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ միասին հայկական և ադրբեջանական կողմերի միջև շարունակվում է զոհվածների մարմինների փոխանակումը, ինչպես նաև անհայտ կորածների որոնումները և վերջինս ավելի արդյունավետ իրականացնելու համար որոնողական խմբերի քանակը երեքից հասցվել է հինգի:
Ռուս զինվորականը հայտնել է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի շտաբում տեղակայված անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների հավաքման թեժ գծին ստացվել է ավելի քան 490 հեռախոսազանգ:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրվա ընթացքում ավելի քան 600 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղում իրենց տներ․ ՌԴ ՊՆ
- Ավարտվել են Շուշիի արևմտյան մասով անցնող էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման աշխատանքները. ՌԴ ՊՆ
- Հրադադարից հետո 39 հազար 700 փախստական վերադարձել է ԼՂ. ՌԴ ՊՆ
- Մեկ օրում Արցախում հայտնաբերվել և ոչնչացվել է 51 պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան