Այսօր Բրյուսելում կանցկացվի ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նիստին մասնակցելու է նաև ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին:
Ինչպես տեղեկանում ենք ԵՄ խորհրդից, մասնակիցները նախ լիագումար նիստում կքննարկեն ԵՄ-Հայաստան հարաբերությունները, ներառյալ քաղաքական երկխոսության և բարեփոխումների, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հետ կապված հարցեր:
Քննարկումը մասնավորապես կկենտրոնանա ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման և գործընկերության գերակայությունների վրա:
Մասնակիցները կխոսեն նաև տնտեսական, առևտրային և ոլորտային համագործակցության, ինչպես նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետ կապված այլ հարցերի և ԵՄ հարևանության հետ կապված հարցերի մասին:
Դրանից հետո մասնակիցները սահմանափակ նստաշրջանում կարծիքներ կփոխանակեն Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում 2020-ի նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո իրավիճակի, վերականգնմանն ու հաշտեցմանը աջակցելու գործում ԵՄ դերի մասին: