Կառավարությունը չընդունեց Դիանա Գալոյանին ՀՊՏ համալսարանի ռեկտոր նշանակելու մասին որոշումը
Կառավարությունն այսօրվա նիստում չընդունեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների հաստատման մասին որոշումը։
Հարցը զեկուցող Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ հուլիսի 17-ին եղել են ընտրություններ՝ նախապես հայտարարված ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի դիմած թեկնածուների միջև եղել է մրցակցային ընտրություն:
«Մասնակցել են երկու թեկնածու, ընտրվել է Դիանա Գալոյանը։ Ամբողջ գործընթացը առկա փաստաթղթերով համապատասխանում են սահմանված կարգին, առաջարկում եմ հաստատել ընտրության արդյունքը»,-հայտնեց նախարարը ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը չհամաձայնեց իր գործընկերոջ հետ՝ նշելով, որ ընտրությունների հետ կապված եղել է դատական հայց, դատարանի կողմից եղել է որոշում՝ ընտրությունների իրականացումը կասեցնելու մասին՝ հաշվի առնելով խորհրդի և ընտրական գործընթացի հետ կապված խնդիրները։
«Ես ինքս հանդիասում եմ խորհրդի անդամ, նշանակվել եմ վարչապետի խորհրդական լինելու ժամանակ, այդ ժամանակ դատարանի մեկ այլ որոշմամբ, նիստից ընդամենը 10 րոպե առաջ չեղյալ է համարվել դատարանի մյուս որոշումը, ընդ որում երկու դատարաններն էլ եղել են առաջին ատյանի դատարաններ։ Այս պահին նաև կա ԿԳՄՍՆ-ի դիմած դատական հայց՝ կախված այդ խորհրդի նիստի հետ կապված ընտրությունների, հետեևաբար, ես կարծում եմ, որ առնվազն հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն կա այս հարցի շուրջ»,-հայտնեց Մեսրոպ Առաքելյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցը հանեց օրակարգից և հայտնեց, որ որոշման վերաբերյալ մեկ շաբաթվա ընթացքում քննարկում կլինի, եթե կարիք լինի՝ հեռակա կարգով կընդունվի։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը որոշեց վարձատրվող հասարակական աշխատանքներով աջակցել Արցախից տեղահանվածների
- Ամսական 100 հազար դրամ աշխատավարձով աշխատանք՝ տեղահանված արցախցիների համար
- Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքներ. Տիգրան Ավինյան