Ամսական 100 հազար դրամ աշխատավարձով աշխատանք՝ տեղահանված արցախցիների համար
«Միջոցառման նպատակը տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և աշխատանքի տեղավորվելու համար աջակցություն տրամադրելն է»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով աջակցության նոր ծրագիրը:
Նախարարը ներկայացրեց «Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը հաստատելու մասին» հարցը:
Ըստ Առաքելյանի, խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք բնակվել են՝ այսօր արդեն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, իսկ ներկայում բնակվում են ՀՀ-ում:
Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ միջոցառումը մինչև 3 ամիս ժամկետով գործազուրկ անձանց թույլ կտա գործատուների մոտ անցնել որոշակի աշխատանքի, որի դիմաց քաղաքացիները կվարձատրվեն 100 հազար դրամի չափով, իսկ փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող անձին կտրամադրվի աջակցություն՝ 34 հազար դրամի չափով:
Նախարարի խոսքով, առաջիկայում Արցախում նախատեսված են ավելի երկարաժամկետ աշխատանքի խրախուսման միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին ապահովել կայուն եկամուտով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց, որ գործազուրկը մեկ անգամ կարող է ընդգրկվել միջոցառման մեջ, իսկ աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե լուծվել է շահառուի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։