Ո՞նց եղավ, որ 44 հայ գերիների վերադարձից հետո Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը կորան ռուսական քարտեզից. Պողոսյան
Քաղաքագետ Թևան Պողոսյանը կարծում է, որ Ադրբեջանն իր երազանքին հասնելու համար պատրաստվել է շատ երկար, ձեռք է բերել անհրաժեշտ զինամթերք, ունի Թուրքիայի լիակատար աջակցությունը, և հայկական կողմից այժմ մնում է պատրաստ լինել, որ հաջորդ հարձակումն արդեն ՀՀ-ի վրա է լինելու։
Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկման ժամանակ նա նշեց, որ նոյեմբերի 10-ին եռակողմ փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանի գործադիրի ղեկավարի ապաշնորհ կառավարման հետևանքով։
«Ստորագրությունդ, որ դրել ես, չես մտածել՝ հետո ինչ պիտի անես, քարտեզներին չես նայել, ինչից էլ թշնամին օգտվում է։ Հիմա ինչի՞ց ենք զարմանում, որ թշնամին առիթից օգտվում է, ախր նա բացահայտ ասել է, որն է իր երազանքը։ Էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ նման բաներ են կատարվում»,- նշեց նա։
Ըստ Թևան Պողոսյանի, ամբողջ խնդիրն այն է, որ ստորագրված փաստաթղթով յուրաքանչյուր կողմն ունի իր պարտավորությունները, բայց հայկական կողմից ստորագրողը զրո պարտավորություններ է ստանձնել և զրո վերաբերմունք է ցուցաբերում։
«Վստահ եմ, որ խաղաղապահները եկել ու դասավորվել են՝ իրենց քարտեզների համաձայն։ Տեսել էիք, որ որոշ տեղերում չկան խաղաղապահներ, բայց այդ տեղերը պահելը բարդ է, գնայիք, ասեիք՝ խաղաղապահներ ջան, եթե դժվար չի, եկեք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում կանգնեք, մենք մեր ուժերն այլ տեղ կտանենք։ Այդ բանակցության պատասխանատվությունը պիտի լիներ հայկական կողմի վրա, հիմա չենք արել, սխալ հրամաններ ենք տվել...»,- կարծիք հայտնեց քաղաքագետը։
Թևան Պողոսյանի խոսքով, երկրորդ խնդիրն էլ այն է, որ այդպես էլ պարզ չդարձավ, թե ոնց եղավ, որ մինչև դեկտեմբերի 13-ը ռուսական կողմը Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը մտցրել էր իր քարտեզի մեջ, իսկ 44 հայ գերիների Հայաստան հասնելուց հետո այդ գյուղերը կորան ռուսական քարտեզից։
«Ունե՞մ ես լեգիտիմ իրավունք՝ մտածելու, որ այստեղ ինչ-որ մի բան այն չէ։ Բայց այս հարցերի պատասխանները մենք մեր մեջ պետք է փնտրենք»,- նշեց նա։
Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այս իրավիճակից միակ ելքը պատասխանատու ղեկավարություն ունենալն է, որը կկարողանա գրագետ բանակցություններ վարել և լուծումներ գտնել:
Հարակից հրապարակումներ`
- Հին Թաղեր-Խծաբերդ դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերվել է 9 հայ զինծառայողի մարմին․ ԱՀ ՊԲ
- Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ է մնում միայն 73 մարդու ճակատագիրը. ԱՀ ՊԲ
- Թշնամու հարձակումները լինելու են շարունակական, քանի դեռ նա իր վերջնական նպատակին չի հասել. Թևան Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան