Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ վետերաններին
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայության պահեստազորայիններին ու վետերաններին։ Ուղերձը տարածել է նրա ղեկավարած կուսակցության մամուլի ծառայությունը.
Ազգային անվտանգության ծառայության հարգարժա՛ն պահեստազորայիններ և վետերաններ,
Շնորհակալ եմ այս օրհասական պահին մեր Հայրենիքի ապագայի հետ կապված ձեր մտահոգության ու հնչեցրած հստակ գնահատականների համար։
Դեկտեմբերի 20-ին նշվում է Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը։ Մեզ համար շատ կարևոր և խորհրդանշական այս տոնը, ցավոք, չենք կարող նշել նախկինի պես: Այս տարին տարբերվում է նախորդ բոլոր տարիներից։ Վտանգված է մեր պետության և ժողովրդի ապագան: Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր գոյության ամենավտանգավոր շրջանը․ ունենք Արցախի զգալի մասի կորուստ, հազարավոր զոհված եղբայրներ և դեռևս չլուծված անվտանգային խնդիրներ:
Որպես ազգային անվտանգության համակարգում երկար տարիների ծառայող՝ առաջարկում եմ ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատակիցներին, պահեստազորի սպաներին, ենթասպաներին, շարքային կազմին և սիրելի վետերաններին՝ այս տարի Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ին, այցելենք Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսների հիշատակին։ Վստահ եմ՝ հենց Եռաբլուրն է այն վայրը, որտեղ մենք պետք է լինենք մեզ համար կարևոր այդ օրը:
Հրավիրում եմ և հուսով եմ՝ մեզ կմիանան նաև Ոստիկանության, Դատախազության, քննչական մարմինների և զինված ուժերի մեր հարգարժան գործընկերները:
Սպասում եմ բոլորիդ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, Եռաբլուրում։
Խորին հարգանքով՝ գեներալ-մայոր Արթուր Վանեցյան>:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան