Պուտին․ Ղարաբաղում հակամարտությունը մեծացրել է ահաբեկչության տարածման ռիսկերը
Այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների վիդեոֆորմատով գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ղարաբաղում հակամարտությունը մեծացրել է ահաբեկչության տարածման ռիսկերը։ Այս մասին գրում է Tass-ը։
«Մենք բոլորս անհանգստացած էինք Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում զինված հակամարտությունից, որում ԱՊՀ անդամ երկրները՝ Ադրբեջանը և Հայաստանը, մեզ մտերիմ պետություններ են», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքերով, «տեղի ունեցած բախումները հանգեցրին բազմաթիվ մարդկային զոհերի, սրեցին առանց այդ էլ ծանր իրավիճակը Հարավային Կովկասում, ընդհանուր առմամբ և մեծացրին ահաբեկչական սպառնալիքի տարածման ռիսկերը»:
Պուտինը հիշեցրել է, որ «Ռուսաստանը որոշակի միջնորդական ջանքեր է գործադրել՝ Լեռնային Ղարաբաղի գոտում արյունահեղությունը դադարեցնելու, ամբողջական հրադադարի հասնելու և կայունացման գործընթացը սկսելու համար»:
«Միևնույն ժամանակ, մենք փորձեցինք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական պայմանավորվածություններին, մասնավորապես նրա համանախագահների՝ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև», - նշել է ՌԴ նախագահը:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի կարևորության վրա, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված եռակողմ համաձայնագիրը «ընդհանուր առմամբ հետևողականորեն իրականացվում է, շփման գծում տեղակայված ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ՝ թույլ չտալու իրավիճակի նոր սրումը»:
Պուտինի խոսքերով, «այժմ միջազգային հանրությունը և ԱՊՀ երկրները կանգնած են կարևոր խնդրի առաջ` օգնելու տուժած շրջաններին, լուծելու մարդասիրական խնդիրները, այդ թվում` փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերականգնման, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման գործում»:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր չի մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին՝ հոր մահվան պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Ալիև․ Հայաստանի ղեկավարության գործողությունները նպատակ ունեին սադրել ադրբեջանական կողմին ու խափանել բանակցությունները
- Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին
- ԱՊՀ երկրների ղեկավարները վիրտուալ գագաթնաժողովում քննարկելու են համագործակցության զարգացման հեռանկարները
- Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի, հրադադարի ռեժիմի խախտման, Արցախի ստատուսի մասին
- Պուտին․ Էրդողանը խոսքի տեր մարդ է, տղամարդ
- Դեկտեմբերի 18-ի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվեն նաև տարածաշրջանային խնդիրներ