Հայաստանում առնվազն 700,000 մարդ ապրում է աղքատության վերին շեմից ցածր կենսապայմաններում
Այսօր Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ազդարարել է սոցիալական պաշտպանության ոլորտի նոր՝ եռամյա, ծրագրի մեկնարկը։ Այս մասին հայտնում են ասոցացիայից։
«Ծրագրի նպատակն է խթանել աղքատ ու խոցելի խմբերի ինքնաբավ կենսապահովումը և մասնակցությունը սոցիալ-տնտեսական կյանքին հինգ մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի։ «Հայաստանում սոցիալական ներառման եվ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից՝ Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի (JSDF) միջոցով և իրականացվում է Համաշխարհային բանկի համակարգման ներքո։Ծրագրի բյուջեն 2,7 մլն դոլար է։
Հայաստանում առնվազն 700,000 մարդ ապրում է աղքատության վերին շեմից ցածր կենսապայմաններում։ Ակնկալվում է, որ նրանցից առնվազն 11,200 -ի կյանքի որակը կբարելավվի այս եռամյա ծրագրի արդյունքում։ Նշվում է, որ առնվազն 300 շահառու (40%՝ կանայք) կստանա փոքր դրամաշնորհ ($4000 յուրաքանչյուրը), որից առնվազն 225 բիզնես՝ ինքնաբավ կլինի ծրագրի ավարտին։ 200 սոցիալական աշխատողներ, այդ թվում՝ սոցիալական աջակցության տարածքային բաժինների դեպք վարողներ և համայնքային սոցիալական աշխատողներ, հնարավորություն կստանան յուրացնելու սոցիալական դեմքի վարման (case managment) հմտությունները։
«Ծրագիրը երկու մեծ խնդիր ունի իր առջև դրված՝ բարեփոխումներ բերել սոցիալական աշխատանքի պրակտիկայում, որի արդյունքում ավելի արդյունավետ կդառնա խոցելի խմբերի հետ մասնագիտական աշխատանքը, և հնարավորություններ ստեղծել սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ապրող մարդկանց համար դուրս գալու աղքատության ճիրաններից»,- ներկայացնելով ծրագիրը՝ նշեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։
«Մեզ համար կարևորագույն առաջնահերթություններից են խոցելի ու աղքատության նվազագույն շեմից ցածր պայմաններում ապրող մարդկանց ակտիվացումը, նրանց ինքնաբավ կենսապայմանների խթանումը և սոցիալական աշխատանքի որակի բարելավումը»,- նշեց Աշխատանքի եվ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը՝ հավելելով, որ եկող տարի շարունակվելու են բարեփոխումները սոցիալական պաշտպանության համակարգում, և այդ առումով մեծ է լինելու ծրագրի ներդրումը սոցիալական դեպքի վարման պրակտիկայի ներդրման տեսանկյունից։
«Հատկանշական է, որ ծրագիրը մեկնարկում է Հայաստանի համար այսքան ճգնաժամային ժամանակաշրջանում։ Մենք ակնկալում ենք, որ ծրագրի միջոցով խոցելի խմբերը կկարողանան ավելի ակտիվորեն ինտեգրվել հասարակության մեջ և գտնել ավելի լավ աշխատանքային հնարավորություններ»,-իր ողջույնի խոսքում նշեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Սիլվի Բոսութղոն։
Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական կապերի երկրորդ քարտուղար Ռիկա Օնոդեռան, որը ներկայացրեց դեսպան Ջուն Յամադանի ողջույնի խոսքը․ «Մենք խորապես համոզված ենք, որ այս չափազանց կարևոր և ճիշտ ժամանակին իրականացվող նախագիծը նպաստելու է բարեկեցության մակարդակի բարձրացմանը և հասարակության անապահով մարդկանց կյանքի որակի բարելավմանը սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման և թիրախային խմբերի համար արհեստավարժ դասընթացների անցկացման միջոցով»,-ընդգծել է դեսպանը:
Պանելային քննարկման ընթացքում մասնագետների կողմից ընգծվեց այն փաստը, որ 2020թ․-ն հետպատերազմյա շրջանն իր սոցիալ-տնտեսական հետևանքներով էլ ավելի մեծ մարտահրավեր է ստեղծել հայ հասարակության ու համապատասխան ինստիտուտների համար։ Առավել խոցելի են այն ընտանիքները, որտեղ կան երեխաներ, միայնակ մայրեր, հաշմանդամություն ունեցող անձինք և չունեն երկամուտի կայուն, երբեմն էլ, որևէ աղբյուր։ Վերջին երկու ճգնաժամերի՝ համավարակի ու պատերազմի պատճառով իրավիճակը ավելի է սրվել։ Այս պայմաններում նոր հնարավորությունների ստեղծումն ու մարդկանց քաջալերելը դառնում են կենսական անհրաժեշտություն։
Ծրագրի մեկնարկի արարողությանը մասնակցում էին նախարարության, ասոցիացիայի, Ճապոնիայի դեսպանատան, Համաշխարհային բանկի, ինչպես նաև գործընկերներ տարբեր գերատեսչություններից և կազմակերպություններից։ Շուրջ 100 պետական պաշտոնյաներ, սոցիալական աշխատողներ, ոլորտի փորձագետներ ու գործընկեր կառույցների ներկայացուցիչներ օնլայն ռեժիմով հետևում էին միջոցառմանը` պահպանելով կորոնավիրուսի համավարակի սահմանափակումները»,-ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան