Քննչական կոմիտեն՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մարտական դիրքերում հերթապահող 9 զինծառայողի սպանության մասին
2020թ. դեկտեմբեր ամսին` չպարզված օրը և ժամին, հակառակորդի մի խումբ զինծառայողներ, ազգային և կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զենքերի գործադրմամբ սպանել են ԱՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի 9 զինծառայողների: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակների արտաքին զննումներ, որի արդյունքում ի հայտ են եկել խոշտանգման մասին վկայող բավարար տվյալներ, պարզվել են դիակներից 4-ի ինքնությունը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սույն թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի, զինված ընդհարումների ժամանակ հակառակորդը, թույլ տալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, ԱՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող, պաշտպանության միջոցներից զրկված անձնակազմի 7 զինծառայողի ենթարկել է անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների:
Փաստի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով և 390-րդ հոդվածի (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) 1-ին մասի 2-րդ կետով:
Կատարվում է նախաքննություն:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞նց եղավ, որ 44 հայ գերիների վերադարձից հետո Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը կորան ռուսական քարտեզից. Պողոսյան
- Հին Թաղեր-Խծաբերդ դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերվել է 9 հայ զինծառայողի մարմին․ ԱՀ ՊԲ
- Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ է մնում միայն 73 մարդու ճակատագիրը. ԱՀ ՊԲ
- Կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ. Արցախի ՊԲ