«Հրապարակ». Շատերը հրաժարվել են նախարարի պաշտոն զբաղեցնելու առաջարկից, իսկ Դումանյանը՝ համաձայնվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մինչ Վահրամ Դումանյանին ԿԳՄՍ նախարար նշանակելը, մի տասնյակի չափ մարդկանց առաջարկվել է զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն նրանք հրաժարվել են։ Նրանցից մեկը ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանն է։
Հիշեցնենք, որ նա այս տարվա մայիսի 14-ին աշխատանքից ազատման դիմում գրեց, բայց մինչև սեպտեմբեր դեռ պաշտոնավարում էր։ Մոտ 2 տարի ԲՈԿ նախագահ աշխատած Գոգյանն իր որոշումը բացատրում էր նրանով, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Մեզ հետ զրույցում Գոգյանը հաստատեց, որ իրեն նման առաջարկ եղել է․ «Բանավոր զրույց եղել է այդ թեմայով»։
Հարցին՝ իր և Փաշինյանի միջև՞ է այդ զրույցը եղել, նախկին պաշտոնյան բացասական պատասխան տվեց՝ մանրամասներ չհայտնելով։ Չհամաձայնելու պատճառների մասին էլ ասաց. «Եթե ես համաձայն չեմ, որ ԿԳՄՍ կառույց պետք է լինի Հայաստանում, ո՞նց կարող եմ ես այդ կառույցը ղեկավարել»։ Իսկ մերժումը կապվա՞ծ է պատերազմի հետևանքների հետ։ «Մերժելը՝ չէ, բայց, ինձ թվում է, առաջարկելը կապ ուներ»։ Նա չպարզաբանեց, թե ինչ նկատի ունի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում