«Հրապարակ». Ընդդիմության ղեկավար մարմնում 6 անձ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային ընկալումներում ընդդիմությունը դեռ ներկայանում է 17 կուսակցությունների տեսքով, թեև 17-ի ֆորմատը վաղուց գոյություն չունի, ընդլայնվել է՝ հասնելով 22-ի, դրան գումարած՝ հանրային գործիչները։ Բայց այս ֆորմատն էլ գործուն չէ, քանի որ իրականում գործում է 6 անձից կազմված մի ղեկավար մարմին, որն էլ հիմնականում որոշումներ է կայացնում։
Այդ 6 անձինք են՝ 3 կուսակցությունների նախագահները՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք», ինչպես նաև երկու նախկին նախագահները՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, և Վազգեն Մանուկյանը։
Բայց այս մարմնից բացի, կան նաև 3 այլ միավորներ։ Մեկը քաղաքական հանձնախումբն է՝ տարբեր կուսակցությունների մեկական ներկայացուցչից կազմված, որոնք պարբերաբար նիստեր են անում, մյուսը կազմակերպական հանձնաժողովն է, որը բողոքի ակցիաների և մյուս միջոցառումների համակարգմամբ է զբաղված, և իրավական հանձնախումբը, որն իրավական գործընթացն է համակարգում՝ իրավապահներին դիմումներ, դատախազության և ոստիկանության հետ կապված բողոքի ակցիաներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։