Նահատակի պոչամբարի հարևանությամբ բնակվող երեխաների մեզում մկնդեղ է հայտնաբերվել
ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքում գտնվող «Նահատակ» պոչամբարի մոտ գտնվող մարդկանց օրգանիզմի վրա քիմիական աղտոտման ազդեցության վերաբերյալ հերթական ուսումնասիրությունն է իրականացվել։ Այս անգամ իրականացվել է կենսամոնիթորինգ։
Մասնավորապես,նոր հետազոտությունը կենտրոնացել է օրգանիզմում աղտոտիչների պարունակության բիոմոնիտորացման և տեղական բնակիչների տարիքային և գենդերային տարբեր խմբերի օրգանիզմների վրա ծանր մետաղների ազդեցության չափման որոշման վրա: Հավաքած մեզի նմուշները վերլուծվել են Ուստի-նադ-Լաբեի (Չեխիա) լաբորատորիայում։ Արդյունքների մասին Panorama.am-ը զրուցեց հետազոտության մասնակիցների հետ։
«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը տեղեկացրեց, որ կենսամոնիթորինգի արդյունքները պարզել են ազդակիր տարածքում և վերահսկովող խմբում գտնվող նմուշներում մկնդեղի, կադմիումի և պղնձի կոնցենտրացիաների զգալի տարբերություն: Նրա պարզաբանմամբ՝ հաստատվել են մանկահասակների օրգանիզմների վրա ազդեցության ամենամեծ ռիսկերը:
«Նահատակի պոչամբարի հարևանությամբ բնակվող երեխաներից վերցված կենսանմուշների 94%-ի մեջ պարունակվում է մկնդեղ: Հայտնաբերվել է նաև մյուս ծանր մետաղի՝ կադմիումի առկայությունը տեղի բնակիչների օրգանիզմում: Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում գյուղերում վերցված մեզի նմուշների վերլուծության արդյունքները հաստատում են մկնդեղի ազդեցության աճը տեղի բնակչության վրա՝ համեմատած էկոլոգիապես ավելի բարեկեցիկ Տավուշի մարզի վերահսկվող խմբի հետ: Ազդակիր տարածքում գտնվող բնակիչների մեզի մեջ մկնդեղի միջին պարունակությունը ավելի քան 20% -ով բարձր է, քան Տավուշի մարզի վերահսկվող խմբում: Մենք հայտնաբերեցինք մեծահասակների համեմատ մկնդեղի զգալիորեն ավելի բարձր մակարդակ մինչև 7 տարեկան երեխաների մոտ»,-ասաց Դուլգարյանը։
Նրա խոսքով ՝ առանց հետազոտության էլ հանդիպումների ընթացքում պարզ էր դառնում, որ բնակիչների մեծ մասը առողջության հետ կապված խնդիրներ ունեն։
«Հենց հանդիպումների ընթացքում մենք տեսանք , որ մարդկանց ճնշող մեծամասնությունը լուրջ առողջական խնդիրներ ունեն, օրինակ չարորակ գոյացություններով, սրտի կաթվածով և այլ։ Շատ ավելլի վատ էր, ծնողները պատմում էին, որ երեխաների մոտ լինում են գլխացավեր, ալերգիկ դրսևորումներ և այն»,- հավելեց հետազոտության մասնակիցը։
Օլեգ Դուլգարյանը նաև տեղեկացրեց, որ տեղի բնակչությունը մի մասը քաջատեղյակ է առողջության և տնտեսական բարեկեցության վրա աղտոտված միջավայրի ազդեցության սպառնալիքներին։ Ավելին, նրանցից ոմանք պատրաստվում են դիմել դատարան ՝ պահանջելով փոխհատուցում՝ առողջությանը հասցված վնասի դիմաց և շրջակա միջավայրի մաքրում արդյունաբերական թափոններից։
Հավելենք, որ ուսումնասիրություններն անցկացվել են «Արնիկա» Քիմիական անվտանգության չեխական կազմակերպության հետ համատեղ։
Հիշեցնենք նաև, որ նախորդ ուսումնասիրությունների համաձայն էլ՝ ծանր մետաղների և թունավոր միացությունների մեծ պարունակությունը Լոռու մարզի հյուսիսային արդյունաբերական լեռնամետալուրգիական և մետաղագործական շրջանում `ջրի, հողի, գետի ստորին հատակի նստվածքների, գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաև որոշ քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին ծանր մետաղների բարձր մակարդակի ռիսկերը առողջության վրա:
Հարակից հրապարակումներ`
- Նահատակի պոչամբարից շրջակա միջավայր թափանցող ծանր մետաղները, թունավոր տարրերը ի՞նչ ինտենսիվությամբ կարող են ներթափանցել մարդու մարմին
- Մեծ Այրումի բնակիչները փակել են «Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան