«Փաստ». Փաշինյանի փայփայած երազանքները շատ արագ կարող են շրջվել իր դեմ, քանի որ ժամանակն աշխատում է ոչ իր օգտին
«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանը հանրությանը տարբեր թեզերով մանիպուլացնելու հնարքներ է բանեցնում, թե իր հեռանալու հանրային պահանջ չկա, եթե այն լիներ, ապա ընդդիմությունը անպայման կպնդեր արտահերթ ընտրությունների անցկացման վրա։ Այս համատեքստում նա ընդգծում է, թե միայն ժողովուրդը պետք է որոշի, թե ով կարող է լինել իշխանություն։ Ընդ որում, Փաշինյանը մի կողմից՝ խոսք է բացում արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, իսկ մյուս կողմից՝ խոսում է իր ներկայացրած վեցամսյա ճանապարհային քարտեզում արտացոլված դրույթների իրականացման անրհաժեշտության մասին։ Բայց եթե ինքը կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա ինչպես է ստացվում, որ իր ներկայացրած ճանապարհային քարտեզում դրա մասին որևէ խոսք չկա։
Այնպես է ստացվում, որ իշխանություններն ուղղակի շահարկում են արտահերթ ընտրությունների թեման։ Դրա մասին է նաև վկայում այն, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել այն ժամանակ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր կլինի և երբ իշխանությունները դրան պատրաստ կլինեն:
Իսկ թե մոտավոր ե՞րբ հնարավոր կլինի ընտրությունների անցկացումը, Ալեն Սիմոնյանը չի պարզաբանում։ Իսկ ի՞նչ է նշանակում տեխնիկապես և ֆիզիկապես պատրաստ լինելը։ Միգուցե իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը հույս ունեն, որ կկարողանան ժամանակ ձգել, ամրապնդել իրենց իշխանությունը տեղերում, ինչ-որ հրաշքով, «մեդիատեռորներով», մանիպուլյացիաներով փրկել իրենց զրոյական վարկանիշը կամ ծայրահեղ դեպքում պարզապես գնալ ընտրությունների և կեղծել դրանց արդյունքները։ Այս բոլոր տարբերակներն էլ իշխանություններն իրենց աչքի առաջ ունեն։ Այնուամենայնիվ, Փաշինյանի փայփայած երազանքները շատ արագ կարող են շրջվել իր դեմ, քանի որ ժամանակն աշխատում է ոչ իր օգտին։
Երկրում համատարած դժգոհությունների խորացումը ինչ-որ մի պահի արդեն անհնար է դարձնելու ոչ միայն վերջինիս պաշտոնավարումը, այլև ընդհանրապես «մարդամեջ» դուրս գալը, չնայած այդ առումով հիմա էլ նա լուրջ խնդիրներ ունի, ինչի մասին են վկայում նրա թաքնվելը մի քանի շարք ոստիկանական պատնեշի հետևում և տանից աշխատավայր երթուղին մեծաքանակ թիկնազորով ու հնարավոր-անհնար ճանապարհները փակելով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: