Արթուր Վանեցյան. ՀՀ իշխանությունները չեն կարողանում որևէ կերպ դիմակայել թուրքական ամենաթողությանը
«Եթե սահմանազատումը և նոր սահմանների ընդգծումը լինի ըստ ԽՍՀՄ քարտեզի, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ապա Սյունիքից հետո թուրքն անցնելու է Արարատի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերին»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե սահմանազատում և նոր սահմանների ընդգծում է լինելու ԽՍՀՄ քարտեզներով։
«Որպես մարդ, որը երկար տարիներ աշխատել է Ազգային Անվտանգության Ծառայությունում, ղեկավարել է այն, կարող եմ ասել, որ դա դավաճանական հայտարարություն է, որովհետև Սովետական միության ժամանակ սահմանները չեն եղել հստակ, ի վերջո եղել է մեկ ընդհանուր պետություն։ Եթե մենք հիմա գնում ենք այդ քարտեզով մենք տարածքային կորուստներ ենք ունենալու Արարատի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում, Սյունիքի մարզից արդեն իսկ ունենում ենք։ Մեկ օրինակ բերեմ՝ Քյարքի կոչված գյուղը, Խորհրդային միության քարտեզով մտնում է Նախիջևանի տարածքի մեջ»,- ներկայացրեց Արթուր Վանեցյանը։
Ըստ «Հայրենիք» կուսակցության ղեկավարի, եթե թուրքը սկսեց Սյունիքից իր սահմանները գծել Խորհրդային միության քարտեզով, ապա ի՞նչն է խանգարում թուրքին Արարատի կամ Տավուշի մարզում անել նույն կերպ։
Նա վստահեցրեց՝ ՀՀ իշխանությունները չեն կարողանում որևէ կերպ դիմակայել թուրքական ամենաթողությանը։ Թշնամին էլ գալիս է, մտնում է, ասում է՝ մերն է, և հայկական կողմը սկսում է հարմարվել։
«Հասկացեք խոսքը երկրի կորստի մասին է։ Եթե ադրբեջանական զինուժը կանգնում է Սյունիքի մարզի սահմանին, մենք առնվազն 3 կմ սահմանային շերտ պետք է ունենանք։ Այդ շերտը լինելու է ՀՀ տարածքի հաշվին։ Այդ տարածքները չեն անցնում Ադրբեջանին, սակայն դառնում են չեզոք գոտիներ, դրանցից որոշները գյուղատնտեսական նշանակության տարածքներ են, մարդկանց հողատարածքներն են, տները։
Եվ այդ կետից ինքնաձիգով կարելի է կրակ բացել Կապանի բնակիչների վրա։ Ժողովուրդ ջան սթափվեք, և հասակացեք, որ մենք կանգնած ենք լրջագույն անվտանգային խնդրի առջև։ Ես համոզված եմ, որ այս պատերազմի սկզբի, ընթացքի և արդյունքների վերաբերյալ պետք է անցկացնվի նախաքննություն, որը կտա մեզ բոլոր հարցերի պատասխանները։ Այս իշխանության օրոք ես չեմ ակնակալում արդարացի քննություն»,- եզրափակեց խոսքը Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս մարդու համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը, մեր երկրի ներքին կայունությունը. Սաղաթելյան
- Իրենք մտածված մեզ տարան այս ձախողմանը, այս պատերազմին ու կորուստներին. Ծառուկյան
- «Ադրբեջանական ֆոլկլորի խրտվիլակն այսօր համարձակություն ունի գնալու մեր սրբավայր՝ Եռաբլուր»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան