Մենք Եռաբլուրը, ցավոք սրտի, կիսեցինք թուրքերի հետ. Հռիփսիմե Առաքելյան
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի խոսքով, դեկտեմբերի 19-ին Եռաբլուրում կատարվածը խայտառակություն է, որի մասին դեռ գրվելու է հայոց պատմության էջերում։
«Այդ միակ վայրը, որ դեռևս չէր պղծվել, պղծվեց։ Այդ տղան որոշել է անցնել ամեն ինչի վրայով, տրորել մեր ունեցած բոլոր սրբությունները, տրորել մեր բոլոր գաղափարները, ազգային ամբողջ համակարգը։ Դա հերթական ակտն էր, ես ուղղակի ապշում եմ պադոշության այն մակարդակի վրա, որ պսևդոպատերազմի հետևանքով զոհվածի ծնողն ասում է՝ ես չեմ ուզում, որ դու գաս իմ երեխայի շիրիմին, ինքն ասում է՝ չէ, պիտի գամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Հռիփսիմե Առաքելյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ։ Ըստ նրա, աշխարհի որևէ երկրում երևի նման այլ դեպք չի եղել։
«Ապստամբել և դուրս գալ սեփական ժողովրդի դեմ, ուղղակի սոսկալի է։ Այդ ամբոխը, որն ուղեկցում էր իրեն, ամբողջությամբ վարչական ռեսուրս էր։ Անգամ տեսանյութ կար, որ, կարծես թե, ադրբեջանցի կար իրեն ուղեկցողների մեջ։ Ինձ հետաքրքիր է՝ ԱԱԾ-ն զբաղվո՞ւմ է դրանով։ Ինչ-որ կերպ փորձե՞ց հասկանալ՝ ով էր այդ տղան, որ ադրբեջանական ակցենտով ռուսերեն էր խոսում։ Մենք Եռաբլուրը, ցավոք սրտի, կիսեցինք թուրքերի հետ։ Մենք այդ տղաների կյանքը նվիրեցինք թուրքերին»,- ցավով նշեց ավագանու անդամը։
Հռիփսիմե Առաքելյանի խոսքով, 2.5 տարի հայ ժողովուրդը հորձանուտի մեջ է, չի կարողանում կեղծ օրակարգից դուրս գալ։
«Այն համապատասխան կառույցները, որոնք իրականացրին այս ամբողջ գործընթացը, ապա անունը դրեցին հեղափոխություն, գտան մարդկանց, որոնք աբիժնիկներ էին։ Ըստ օդում կախված լուրերի, նախքան պատգամավորի թեկնածուների ցուցակները կազմելը, նրանց հետ հարցազրույցներ են անցկացրել, այդ մարդիկ ունեցե՞լ են արդյոք բարդույթներ, թե՞՝ ոչ, կամ ծեծվե՞լ են արդյոք մանկության տարիներին, և հենց այդպիսի մարդկանց են ընտրել։ Եվ այժմ այդ ծեծվածները փորձում են հասարակությանը ծեծելով իրենց վրեժը լուծել»,- նկատեց ավագանու անդամը։
Ըստ Հռիփսիմե Առաքելյանի, վարչապետը բազում բարդույթներ ունեցող մարդ է, և այդ բարդույթների վրեժը նա հայ ժողովրդից, հայոց պետականությունից է լուծում։
«Ինձ հետաքրքիր է, թե էլ ի՞նչ նա կարող է անել, հետո ո՞նց է ապրելու։ Իրենք որոշել են, որ այս ամենը պետք է անեն, հետո վայելե՞ն կյանքը, հա՞։ Կամ լավ, այդ հինգ միլիարդը վերցրին, ի՞նչ են անելու։ Ախր այդ ամենը վայելելու համար պետք է ապրել, չէ՞։ Ո՞նց է ինքը հավատում, որ այս ամենը կարող է մարսել։ Ես չեմ հավատում, որ ինքը մարսելու է։ Անգամ այդ փողամոլությունն է ունենում իր վերջը։ Փողը երբեք չի կարող իրենց հանցագործությունները կոմպենսացնել»,- ընդգծեց Հռիփսիմե Առաքելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եռաբլուրում կատարվածից հետո պետք է որ կորցնեինք խոսելու ունակությունը, բայց դիմանալու ենք. Հասմիկ Պապյան
- Վանեցյան. Երեկ Եռաբլուրում հերթական քաղաքական շոուն էր