Մոտ 20 երկրներ դադարեցրել են կապը Բրիտանիայի հետ՝ կորոնավիրուսի մուտացիայի պատճառով
Գրեթե երկու տասնյակ երկրներ, ներառյալ Եվրամիության առնվազն 14 անդամ պետություններ, որոշել են դադարեցնել կամ սահմանափակել տրանսպորտային կապերը Բրիտանիայի հետ այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր, ավելի վտանգավոր շտամ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ աղբյուրի, մուտացիան հայտնաբերվել է դեկտեմբերի կեսերին: Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ նոր SARS-CoV-2- ը սովորականից արագ է տարածվում և գերակշռող է դարձել Լոնդոնում: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ այս նոր շտամը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախնական տարբերակը:
«Նիդեռլանդների իշխանություններն առաջինը հայտարարեցին դեպի Միացյալ Թագավորություն թռիչքների դադարեցման մասին: Այնուհետև Բելգիան առնվազն 24 ժամով փակեց Մեծ Բրիտանիայի հետ սահմանը: Այս կապակցությամբ չեղյալ է հայտարարվել Լոնդոն-Բրյուսել և Լոնդոն-Ամստերդամ երկաթուղային հաղորդակցությունը։ Իտալիան, Գերմանիան, Բուլղարիան, Իռլանդիան, Լիտվան, Լատվիան, Ֆինլանդիան և Խորվաթիան նույնպես դադարեցրել են թռիչքները դեպի Բրիտանիա:
Ֆրանսիան ևս 48 ժամով դադարեցրել է բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները դեպի Միացյա Թագավորություն: Շվեդիան արգելել է մուտքը այս երկրից, Հունաստանը Բրիտանիայից ժամանածների համար սահմանել է յոթօրյա կարանտին, Կիպրոսը՝ երկշաբաթյա կարանտին է հայտարարել, իսկ Իսպանիան խստացրել է վերահսկողությունը Միացյալ Թագավորությունից ժամանողների վրա»,- հայտնում է աղբյուրը։
Նշվում է, որ ԵՄ երկրներից բացի, Թուրքիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Իսրայելի և Արգենտինայի իշխանությունները նույնպես պայմանավորվել են դադարեցնել թռիչքները Բրիտանիայի հետ: Սաուդյան Արաբիան մեկ շաբաթով ամբողջովին փակել է իր սահմանները և չեղյալ հայտարարել բոլոր միջազգային թռիչքները:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված տարբերակն արդեն տարածվել է Դանիայում, Նիդեռլանդներում և Ավստրալիայում
- ԱՀԿ-ն հայտնում է, որ COVID-19-ի ավելի վարակիչ մուտացիաներ դեռևս չկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան