Արման Ղուկասյան. Պետության ձեռնարկած քայլերը բավարար չեն արցախցիների խնդիրները լուծելու համար
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը շարունակում է հանդիպումների շարքը Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված արցախցի ընտանիքների հետ:
Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 20-ին կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են մի շարք փախստական ընտանիքների հետ, քննարկեցին նրանց հուզող խնդիրները ու ստեղծված իրավիճակը մեղմացնելու հնարավոր լուծումները:
Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի խոսքով, սոցիալական, տնտեսական ու հոգեբանական ծանր պայմաններում հայտնված այս ընտանիքներն առաջնահերթ նշում են, որ պետության կողմից թեև որոշակի աջակցություն իրենց նախատեսվում է, բայց այն լիարժեք ու համարժեք չէ այն իրավիճակին, որում իրենք հայտնվել են:
Բավականին լուրջ խնդիր է նաև արցախցի ընտանիքների կեցության հարցը Հայաստանում, քանի որ պատերազմի օրերին նրանցից շատերը ժամանակավոր կացարաններում են տեղավորվել՝ հանգստյան տներ, պանսիոնատներ, հյուրանոցներ ու հյուրատներ, սակայն այսօր ստիպված են դրանք լքել ու բառացի հայտնվել փողոցում։
«Մենք հասկանում ենք, որ պետությունն այսօր ծանր ու տնտեսական բարդ վիճակում է, բայց այս հարցերը ոչ պակաս կարևոր են, հատկապես, եթե հաշվի առնենք, թե արցախցիներն ինչի միջով են անցել՝ կորցրել են հայրենիք, տուն-տեղ, հարազատներ: Սա այն հարցերն են, որ առաջնահերթ լուծում են պահանջում և պետք է բարձրաձայնել, որպեսզի պետությունը կամք գտնի զբաղվելու դրանցով ու չանտեսի այս մարդկանց: Իհարկե, սոցիալական աջակցության ծրագրեր մշակվել են, կյանքի են կոչվում, թեպետ դրանց հետ կապված էլ որոշակի խնդիրներ կան հասցեականության առումով և այլն, բայց այդ ամենը բավարար չէ արցախցիների խնդիրները լուծելու համար»,- ասել է Արման Ղուկասյանը:
Նա ընդգծել է, որ կուսակցությունն իր հերթին կփորձի հնարավորինս աջակցել արցախցիներին, ու դա ոչ միայն նյութական աջակցությանն է վերաբերում, այլև հոգեբանական՝ պատերազմից փրկվածները պետք է զգան նաև մարդկային հոգատարություն:
Կուսակցության ներկայացուցիչների կողմից թվով տասը փախստական ընտանիքների տրամադրվել է նաև դրական օգնություն:
Կուսակցության անդամները հերթական հանդիպումն են անցկացրել Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ, որի միջոցով ևս դրական օգնություն ՝ փոխանցվել շուշեցի մի քանի ընտանիքների:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՍԱԿ ղեկավարի հետ հանդիպմանը Շուշիի բնակիչներն իրենց կարգավիճակի, վարկերի հետ կապված հարցերն են բարձրաձայնել
- Արման Ղուկասյան. Այս պահին անհրաժեշտ է ոչ միայն գնահատական տալ կատարվածին, այլև կանխել քաղաքացիական պատերազմը
- Արման Ղուկասյանը՝ պաշտոնյաներին. Հրաժարվել 2021 թվականի բոլոր պարգևավճարներից
- Մեր երկրում ամենօրյա ռեժիմով մարդկանց կենցաղը, սոցիալական վիճակը վատանում է. Արման Ղուկասյան