Արցախում հոկտմբերի 1-ից առ այսօր կորոնավիրուսային վարակ է հաստատվել 1130 մարդու մոտ
Կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից հոկտմբերի 1-ից առ այսօր թեստավորման նպատակով 2585 նմուշառում է իրականացվել: Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 1130 մարդու մոտ: Ներկայումս օրական միջինը 60-70 թեսթ է իրականացվում:
Լաբորատոր հետազոտության արդյունքներով դրական հաստատված դեպքերից թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստացել տնային, իսկ ծանր ձևերը ստացիոնար պայմաններում:
Հոկտմեբերի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ը Հանրապետական բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում են ստացել 232 հիվանդ, ապաքինվել են 129 քաղաքացի: Ներկայումս բուժում է ստանում 60 հիվանդ: Գրանցվել է մահվան 30 դեպք, որոնք հիմնականում տարեցներ են, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել քրոնիկ ուղեկցող հիվանդության և պոլիօրգանային անբավարարության պատճառով։ «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունքում բուժում է ստացել 51 հիվանդ, որից 48-ը դուրս է գրվել լավացումով, իսկ 3-ը` առողջական վիճակի վատացման պատճառով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն:
«Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն մասնաշենքի տարածքում տեղադրվել է շարժական ֆլյուրոգրաֆ սարք, որը հնարավարություն է ընձեռել ճիշտ կազմակերպել կորոնավիրուսային վարակի (COVID-19) հիվանդների շարժը:
«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից կատարվել են ախտահանման աշխատանքներ հաստատված օջախներում, սննդի օբյեկտներում, դպրոցներում և մանկապարտեզներում: