«Ապրելու ենք, որ հաղթենք». նվիրատվություն զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Դեկտեմբերի 22-ին «Հայփոստ» ընկերությունը «Ապրելու ենք, որ հաղթենք» խորագրի ներքո մարեց և շրջանառության մեջ դրեց նամականիշերի և բացիկների շարք:
Մարումն իրականացել են «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Ինչպես նշեց Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը. «Այսօր մեր բոլորի կարևորագույն անելիքներից մեկը զինծառայողներին և նրանց ընտանիքներին սատարելն է: Հայփոստը պատերազմական օրերին իր հնարավորությունների առավելագույն չափով եղել է բանակի կողքին: Այսօր ևս Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ համատեղ իրականացնում ենք երկու կարևոր նախագիծ, որոնց խորագիրն է «Ապրելու ենք, որ հաղթենք»: Սա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ Հայփոստի առաջին նախագիծը չէ: Նախկինում Հայփոստը թողարկել է նվիրատվության կտրոնով նամականիշեր, որի արդյունքում գոյացած բավական պատկառելի գումար է փոխանցվել հիմնադրամին»:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանն իրենց ելույթներում ընդգծեցին նման նախաձեռնությունների առանձնահատուկ կարևորությունն այսօր:
Բացիկ գնելով զինծառայողների համար նվիրատվություն անելը առավել քան դյուրին է, բավական է միայն այցելել https://postcards.stamps.am/ կայքէջը: Ձեր նվիրաբերած գումարն ամբողջությամբ կփոխանցվի հիմնադրամին, իսկ Հայփոստը նշված փոստային հասցեով կառաքի Ձեր ընտրած բացիկը՝ որպես հիշատակ Ձեր կատարած նվիրաբերության մասին: Հասցեական առաքումն իրականացվում է անվճար. Երևանում՝ 1, իսկ մարզերում՝ 2-3 աշխատանքային օրում։ Արտասահմանում առաքումն իրականացվում է 14-30 օրում:
Ինչպես օգնել զինծառայողներին և նրանց ընտանիքներին՝ պատվիրելով բացիկ
* postcards.stamps.am կայքում ընտրում եք առաջարկվող 8 թեմատիկ բացիկներից մեկը
* գումարի սանդղակի միջոցով նշում եք այն գումարը, որը պատրաստ եք վճարել բացիկի համար (նվազագույն գումարը 500 դրամ է) և սեղմում «Նվիրաբերիր» կոճակը
* Կայքում վճարումն իրականացվում է ցանկացած բանկային քարտով։
* Բացիկը ծրարավորվելու և ուղարկվելու է «Պատվիրված» կարգավիճակով՝ ունենալով հետևման կոդ։
* Փոստային բաժանմունք և հասցեական առաքումն իրականացվում է անվճար։
* Ծրարավորված բացիկը փոստատարի կողմից առաքվելու է ըստ հասցեի։
* Հայաստանում առաքումն իրականացվում է Երևանում՝ 1, իսկ մարզերում՝ 2-3 աշխատանքային օրում։ Արտասահմանում առաքումն իրականացվում է 14-30 օրում։
* Նվիրաբերվող գումարներից գոյացած հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։
Բացիկներին պատկերված են Մեսրոպ Մաշտոցի, Սասունցի Դավթի, Մարտիրոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի, Լեոնիդ Ենգիբարյանի արձանները և «Լեռնային պար» արձանախումբը՝ Արցախի բնության խորապատկերներին, Արցախի «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրված զինվոր Ալբերտ Հովհաննիսյանը՝ մարտական գործողության ընթացքում:
Բացիկներն ըստ թեմատիկայի ունեն խորագրեր. «#ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՆՔ», «#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ», «#ՊԱՐԵԼՈՒ ԵՆՔ», «#ՆԿԱՐԵԼՈՒ ԵՆՔ», «#ՆՎԱԳԵԼՈՒ ԵՆՔ», «#ԵՐԳԵԼՈՒ ԵՆՔ» , «#ԺՊՏԱԼՈՒ ԵՆՔ»: Բոլոր բացիկների ներքևի հատվածում «ԱՆՈՒՆՍ ԱՐՑԱԽ Է» և «ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» կարգախոսերն են՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Բացիկների դիզայնը՝ Ռեմ Սահակյանի
Տպարանը` «ԼԵՎԵԼ ՊՐԻՆՏ»
Չափսերը` 110,0 x 150,0 մմ
Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի հեղինակը Սիփան Գյուլումյանն է: