Արա Սաղաթելյան. Փաշինյանը հրաժարական չի տալիս իր վախերի պատճառով
Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում է միայն իր անձնական վախերով՝ ինչպես ընդհանրապես որպես մարդ, այնպես էլ որպես երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 19-ին Եռաբլուրում տեղի ունեցած դեպքերին։
«Ես այստեղ չեմ տեսնում քաղաքական պրոցես, տեսնում եմ ինչ-որ կենդանական պրոցես ինչ-որ դիրքեր զբաղեցնելու, ինչ-որ մարդկանց ապացուցելու»,- նշել է նա։
Ա. Սաղաթելյանի խոսքով, այն, ինչ կատարվեց Եռաբլուրում, շատ ցավալի էր և վշտացնող. «Չի կարելի վարչական ռեսուրսի օգտագործմամբ մարդկանց տանել սգո միջոցառման։ Դա շատ ամոթ էր և դա ամոթ էր աշխարհի առաջ, որովհետև աշխարհը տեսավ ով է ղեկավարում երկիրը»։
Նրա կարծիքով, Փաշինյանը հրաժարական չի տալիս իր վախերի պատճառով, կամ էլ ունի չավարտված ծրագրեր, որոնք ուզում է ավարտի։ Ա. Սաղաթելյանը վստահ է, որ այդ ծրագրերն ի նպաստ չեն Հայաստանի ու հայ ժողովրդի։
«Միաժամանակ կարծում եմ՝ ինչ-որ կերպ իր թիմը, այդ մարդիկ նեղ անձնական շահեր ունեն, որևէ կերպ կապված չեն Հայաստանի ու ժողովրդի շահերի հետ, իրեն համոզում է, որ ինքն օր ավելի մնա։ Ի՞նչ է լինելու։ Լինելու է հետևյալը՝ օրեցօր երկրի վիճակը վատանալու է, օրեցօր կորցնում ենք մեր դիրքերը, մեր Սփյուռքի համակարգը, մարդիկ հոգեբանական ընկճվածության մեջ են և որևէ դրական մեսիջ մայր հայրենիքից չի ստանում»,- ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարը։
Ա. Սաղաթելյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը քաղաքական ապագա չունեն. «Արտահերթ ընտրությունների մասին հեքիաթները ոչինչ չեն տալու, որովհետև իրենց հայտնած մոտեցումը, թե իբրև ունեն ժողովրդի մեծամասնության քվեն, վստահությունը, այդպես չէ։ Պետք է նայել ճշմարտության աչքերին և անել հասարակ մաթեմատիկական հաշվարկ, որի շուրջ կարելի է բանավիճել, չհամաձայնել, բայց փաստը մնում է փաստ։
Ժամանակին Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժը ստացավ 70 տոկոս՝ 50 տոկոսից պակաս քվեարկածներից, իրականում ամբողջ ընտրողների ծավալից իրենք ստացել են 34,14 տոկոս քվե։ Դա իրենց պիկն էր, երբ բոլորը սպասում էին փոփոխությունների, բոլորը վստահում էին, ակնկալում էին և բոլորն ուզում էին ապրել լավ և երջանիկ։
Ակնհայտ է, որ 34 տոկոսը վաղուց չկա։ 48 տոկոս քվեն պասիվ քվեարկություն է, տվյալ իրավիճակում, երբ երկիրը քանդված է և մարդիկ հոգեբանորեն շատ վատ վիճակում են գտնվում, եթե վաղը լինեն ընտրություններ, կմասնակցի 65-70 և ավելի տոկոս մարդիկ դուրս կգան և կփորձեն պաշտպանվել իրենց քվեի միջոցով, և Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող խումբը կունենա 10-15, գուցեև 20 տոկոս։ 50-ից պակաս տոկոսով այդ մարդիկ մտնեն պառլամենտ, իրենք հանդիպելու են շատ բարդ և շատ վատ իրավիճակների, երբ 50+1 ունեցող քաղաքական ուժերը կնախաձեռնեն մի շարք գործընթացներ՝ քաղաքական և իրավական, ու շատ կարճ ժամկետում այդ մարդիկ հայտնվելու են շատ ավելի վատ իրավիճակներում, քան կարող են ենթադրել։ Դրա համար դա սուտ է, իր թիմն էլ է հասկանում»։
Նրա կարծիքով, այստեղ մեկ ճանապարհ կա, որը Փաշինյանը ուզում է չանի. նա պետք է ընդհանրապես հեռանա քաղաքականությունից և հնարավորություն տա դենիկոլիզացիայի այն մնացած մարդկանց, որոնք ժամանակին իրեն հավատացել են, վստահել են, միավորվել են մի թիմում, որոնցից շատերն այսօր ափսոսում են, պարզապես տարբեր վախերի, սպառնալիքների ներքո մնում են իր շուրջ։
Ն. Փաշինյանի այն պնդումներին ի պատասխան, թե ժողովուրդն «իշխանությունն իրեն ի պահ է տվել», Ա. Սաղաթելյանն ասել է, որ ընտրելու իրավունք ունեցող ժողովուրդի 34 տոկոսը, ինչպես ինքն է ասում, իրեն հայրենիքը ի պահ է տվել ոչ թե նրա համար, որ նա բռնաբարի այս երկիրը, քանդի պետական համակարգը, ոչնչացնի պետական ինստիտուտները, շարքային քաղաքացու հոգեբանությունը, այլ՝ որ ինքը նորմալ երկիր հանձնի ապագա սերունդներին։
«Նիկոլ Փաշինյանը կարողանալո՞ւ է այսօր ի պահ տրված երկիրը նույն տեսքով վերադարձնել։ Սա այն երկի՞րն է, որն իրեն տվել են։ Սա ոչ մի հարց չլուծող երկիր է։
Գոյություն ունի հայապահպանության գլոբալ խնդիր, ոչ թե Հայաստանում, այլ աշխարհում»,- ասել է նա։
Ա. Սաղաթելյանի խոսքով, Փաշինյանը սպեկուլյանտ է, նրա մանիպուլյացիաներն ու սպեկուլյացիաները բազմաշերտ են, հասարակ մարդիկ հաճախ չեն հասկանում. «Եթե ուշադիր դիտարկեք Նիկոլ Փաշինյանի պարզաբանումների և հերքումների գործիքը, նա երբեք չի հերքում կամ պարզաբանում իր հասցեին հնչեցված իրական մեղադրանքները։ Նա մոդելավորում է այդ մեղադրանքն ու հերքում մոդելը։ Քանի որ հասարակ մարդկանց մեծամասնությունը չի տիրապետում սկզբաղբյուրը, նրանց թվում է, թե նա ասել է մեղադրանքը, հերքել մեղադրանքը։
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը զբաղված են միայն մանիպուլյացիաներով։ Այսօր իրենց հույսը վարչական ռեսուրսն է, որը կիրառվել է նաև ընտրությունների ժամանակ»։
Նա ընդգծել է՝ մենք գտնվում ենք մեծ, նոր ռիսկերի առաջացման սկզբում, այսինքն յուրաքանչյուր օր հայ ազգը հանդիպում է նոր բարդության իրավիճակի։
«Իսկ գործող իշխանությունն ոչ միայն ի վիճակի չէ լուծել առկա մարտահրավերները, նաև նոր բարդության իրավիճակում կողմնորոշվել։
Անհրաժեշտ է, որ տվյալ անձիք, ովքեր երկիրը, ազգը հասցրել են այս իրավիճակին, հասկանան՝ այստեղ խոսքը գնում է պետության կործանման մասին»,- ասել է Ա. Սաղաթելյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ամբողջ պետական համակարգը որպես ռեսուրս ծախսվում է մի քանի անձանց քմահաճույքների համար. Արա Սաղաթելյան
- Արա Սաղաթելյան. Հիմա ավանտյուրիզմի, դեմքը փրկելու ժամանակը չէ
- Արա Սաղաթելյան. Կնքված պայմանագիրը բարդ հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար, ապրելու է թշվառ ու աղքատ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան