Էդգար Էլբակյան. Բա ինչո՞ւ չեն փոխել այդ օրենքը…
Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Էդգար Էլբակյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ օրենքից մեջբերումների վերաբերյալ գրառմանը, մանրամասնում է.
«ՀԱՅՏՆԻ ՕՐԵՆՔԻ ՄԱՍԻՆ
Պետք է մեր հայրենակիցներին շատ համբերատար բացատրել, որ վարչատարածքային բաժանման մասին հայտնի օրենքի մեջբերմամբ
Ա․ վարչապետը փորձում է տպավորություն ստեղծել, թե սահմանազատման գործընթացն ընթանում է ՀՀ ներպետական օրենսդրության շրջանակներում, և «մեղավոր են նախկինները», մինչդեռ սա սուտ է, քանզի
Բ․ Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը հաշվի չէին առնելու կապիտուլացված Հայաստանի ներպետական ակտերը։ Իսկ եթե իմ ասածը սուտ է, ու հենց ՀՀ ներպետական ակտերով է իրականացվում սահմանազատումը, ապա ՀՀ ներպետական 2 ակտերով՝ ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման որոշմամբ (1989 թ․ դեկտեմբերի 1) Արցախի մնացած հատվածը ՀՀ մաս է, իսկ 1992 թ․ հուլիսի 8-ին ՀՀ ԳԽ որոշմամբ ՀՀ պարտավորվել է անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ նշված կլինի Ադրբեջանի կազմում, իսկ վարչապետը նոյեմբերի 10-ին ստորագրել է նման փաստաթուղթ, որով ճանաչել է անգամ նախկին ԼՂԻՄ մաս կազմող տարածքների բռնակցումն Ադրբեջանին։
Գ․ Թե ինչու է 2010 թ․ իրավական ակտը ժամանակին եղել այդպիսին, որովհետև ՀՀ ֆորմալ առումով չէր ճանաչել ԼՂՀ անկախությունը, ինչը, ի դեպ, այդպես էլ չարեցին նաև նոր իշխանությունները։ Բայց դա ժամանակին չէր խանգարում, որ նախկին իշխանությունները կառուցեին ՀՀ-ն Արցախին միացնող երկրորդ ճանապարհը Քարվաճառով։ Ավելին՝ այս օրենքը չէր խանգարում նաև նոր իշխանություններին՝ նախագծելու ՀՀ-ն Արցախին միացնող երրորդ ճանապարհի շինարարությունը դեպի Մեխակավան (Ջաբրայիլ)։ Այդ ճանապարհը նախագծելիս նոր իշխանությունները չգիտեի՞ն այս օրենքի մասին։ 2.5 տարի բացարձակ օրենսդրական իշխանություն ունեին, բա ինչո՞ւ չեն փոխել այդ օրենքը…»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան